Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 20-ը ապրիլի․ ձեւավորվեց արհեստավարժների կառավարությունը (տեսանյութ)

1992-ի ապրիլի 20-ին Երեւանում բացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։

1994-ի ապրիլի 20-ին ՌԴ պետական Դուման 1915թ. հայոց ցեղասպանության փաստը ճանաչող եւ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։

1998-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտործնախարարության աշխատակազմին էր ներկայացնում նորանշանակ նախարար Վարդան Օսկանյանին, որը 2 օր առաջ ընդունել էր ՀՀ քաղաքացիություն՝ հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից։ Քոչարյանը հայտարարեց, որ հետայսու արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ պահանջներն առավել խիստ են լինելու։ Քոչարյանը բարձրաձայնեց արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, մասնավորապես՝ կարեւորվում էր Սփյուռքի վարչության ստեղծումը։

Նույն այս օրը վարչապետ Արմեն Դարբինյանը հայտարարեց, որ արհեստավարժների կառավարությունը ձեւավորված է։ Նա կառավարության արդյունավետ աշխատանքի տեսանկյունից կարեւորեց երկրում կառուցողական ընդդիմության գոյության անհրաժեշտությունը։

98-ի ապրիլի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի տոնն առաջին անգամ նշվեց նաեւ Երեւանում՝ Իրանի դեսպանատանը։ Մինչ այդ չէր նշվում, քանի որ դեսպանատունը չուներ ռազմական կցորդ։

15 տարի առաջ այս օրերին քննարկվում էր Ռուսաստան-Բելառուս Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը այսօր կողմ գործիչները այն ժամանակ   անկախության կորուստ էին համարում Ռուսաստան-Բելառուս Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը։ Նման թեմայով քննարկումներն իսկ վտանգավոր էին համարում նախագահ Քոչարյանն ու Հանրապետական մեծամասնությունը, ԱԺՄ-ն համարում էր նման գծի կողմնակիցներին ազգադավներ, կտրուկ էր նաեւ Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումը։

2001-ի այս օրը բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման դեմ միասնական հանրահավաք էին անցկացնում 34 կուսակցություն։ Նրանք համարում էին, որ Արեւմուտքը, մեր էներգահամակարգին տիրանալով, կզրկի մեզ ինքնիշխանությունից։ Ուշագրավ է, որ բողոքի զանգվածային միջոցառումներ չանցկացվեցին, որեւէ հրապարակային բողոք չհնչեց այն ժամանակ, երբ թվարկված ընկերությունները դարձան Ռուսաստանի սեփականություն։

2013-ին բյուրականցիները բողոքում էին Ամբերդ գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար։ Կառուցապատողը ոչնչացրել էր ծառեր՝ վնաս հասցնելով բնությանը։ ՀԷԿ-ի շահագործումը սպառնալիք էր ինչպես ոռոգման համակարգին, այնպես էլ՝ գետի ձկնաշխարհին։ Բյուրականցիների ականջին շշուկներ էին հասել, թե էլեկտրակայանի սեփականատերը Հանրապետության դատախազն է։