Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 15-ը ապրիլի․ Սպանվում է Վարդգես Պետրոսյանը, ոչնչացվում է Հանրային գրադարանի դիմացի այգու մի մասը (տեսանյութ)

1994-ի ապրիլի 15-ին իր տան շքամուտքի մոտ սպանվում է արձակագիր Վարդգես Պետրոսյանը։

1998-ի այս օրը Հայաստանում է վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանը։

1999-ի այս օրը Հայաստանում է Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության գլխավոր հրամանատարը։ Նա տեղեկացնում է, որ Ռուսաստանը պատասխանատու է նաեւ Հայաստանի երկնքի անվտանգության համար։ Անատոլի Կոռնուկովը Հայաստան էր եկել բացելու հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարական կետը։ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը սրանից հետո բացառում է 92-94 թվականների Հայաստանի տարածքի ռմբակոծությունների կրկնությունը։

2001-ի ապրիլի 15-ին Հայաստանի խորհրդարանում ձեւավորվում է «Ժողովրդական պատգամավոր» խումբը, որտեղ հավաքված են գործարարներ։ Խմբի ղեկավար կարեն Կարապետյանն այդպես էլ ասում է՝ զբաղվելու ենք տնտեսվարողների շահերի պաշտպանությամբ, բայց առանց պաշտոնի ձգտելու։

Այս օրը ազատամարտիկ պատգամավոր Սասուն Միքայելյանը խորհրդարանի դահլիճում ձեւակերպեց, թե ինչպիսի իշխանություն ունի Հայաստանի Հանրապետությունը՝ քծնանքի, վախի եւ հնազանդության վրա հիմնված մի ամորֆ մարմին։

Ի դեպ, այդ օրը մարգարեացողների մեջ էր նաեւ կոմունիստ Խորեն Սարգսյանը։ Նա խորհրդարանին տեղյակ է պահում, թե ինչպիսի Հայաստան կունենանք Բաշխիչ ցանցերի մասնավորեցումից հետո։

Քաղաքական կուսակցությունների ղեկավարները նույն օրը գյուղեգյուղ ընկած պարզում են ժողովրդի վերաբերմունքը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ ՝ բոլորը դեմ են վաճառքին։

2001 թվականի ապրիլի 15-ին մեղադրող կողմը հրապարակում է նախորդ տարվա մայիսին Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի մի ցուցմունքը, ըստ որի մի շարք անձանց դեմ ինքը ցուցմունքներ է տվել խոշտանգումների արդյունքում։ «Ինձ խոշտանգել են Ազգային անվտանգության մեկուսարանում եւ զինդատախազությունում, ծեծել են ռետինե մահակներով, ցողել սառը ջրով։ Ականատեսներ եղել են։ Հոկտեմբերի 27-ի հանցագործությունը գլխավորել եւ կազմակերպել եմ ես։ Ընդունում եմ, որ մարդիկ են սպանվել, սակայն սպանության մտադրություն չեմ ունեցել»,-ցուցմունքում ասում է Նաիրի Հունանյանը։

Այս օրը մայրաքաղաքի կենտրոնում ոչնչացվում է Հանրային գրադարանի դիմացի այգու մի մասը՝ այնտեղ մտադիր են կառուցել հումորի եւ ծիծաղի էստրադային թատրոնը՝ ճարտարապետները սարսափած են, ապագա թատրոնի տնօրինությունը երջանիկ, իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետը բարձրացված աղմուկը բացատրում է չուզողությամբ։

Իշխող կոալիցիան Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությանը իր հետ երկխոսելու կոչ է անում։ Ստեփան Դեմիրճյանը պահանջում է պատժել ապրիլի 13-ի գիշերը միտինգավորների վրա հարձակվելու հրաման տվողներին, նոր խոսել երկխոսության մասին։ Գալուստ Սահակյանը հակադարձում է՝ ընթանում է հետաքննություն, կարող ենք երկխոսել նաեւ այդ մասին։

2005-ի ապրիլի 15-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարում է՝ Հայաստանի ոչ թե իշխանափոխություն է պետք, այլ՝ հեղափոխություն։ «Մեզ մնում է միայն որոշված օրը հավաքվել որոշված տեղում»,-ասումէ պարոն սարգսյանը։

2008-ի այս օրը Սերժ Սարգսյանի հրահանգով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվում է Արմեն Ավետիսյանը։ Նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվում կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը։

2010-ի այս օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում դժգոհում է հարկային հավաքագրումներից։ «Ցուցանիշները մտահոգիչ են, հարկատուների ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ»,-ասում է պարոն Սարգսյանը։