Բացել լրահոսը Փակել լրահոսը
XVdZf2q891dazcpS
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գոռ Գևորգյանի արձագանքը Փաշինյանի ասածին, որ ինքը խորհրդարանում լինելու իրավունք չունի (տեսանյութ)

Պատգամավոր  Գոռ Գեւորգյանը, ով խորհրդարանում հայտնվել է «Իմ քայլը» ընտրացուցակով  եւ հետո դուրս եկել խմբակցությունից,  ուզում է այս հարցը վերջնականապես փակվի եւ որևէ անձի մոտ որևէ շահարկում չլինի։

«Առաջին ընտրական տարածքում ներկայացված են եղել մի խումբ թեկնածուներ պատգամավորության, որոնցից մեկը եղել եմ ես, և ի տարբերություն ինձ, որ կուսակցական երբևէ չի եղել, ես այդ նույն ընտրատարածքում իմ ձայների հավաքած քանակով հաղթել եմ այնպիսի մարդկանց, որ եղել են հնաբնակներ այդ թիմի և ունեցել են արդեն իսկ ճանաչելիություն», - ասաց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։

Ավելի վաղ  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Գոռ Գևորգյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին ի պատասխան վերջինս ասաց․

«Էդ ո՞նց եք եկել, էդտեղ նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք։ Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում։ Դուք այստեղ նստելու իրավունք չունեք»։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք վարչապետի արձագանքի պատճառն այն չէր, որ Գոռ Գևորգյանն «Իմ քայլի» մասին խոսելիս նշեց «ձեր թիմը», նա պատասխանեց, որ որևէ կերպ որևէ մեկին թիրախավորել կամ անձնավորել չի ցանկացել՝ «ձեր թիմը» ասելով․

«Խոսքը վերաբերում էր այն գործընկերներին, ում հետ ես այլևս նույն խմբակցության մեջ չեմ և այն գործընկերներին, որոնք, իմ պատկերացմամբ, ոչ տեղին բացականչեցին ծափահարություններով, այն էլ՝ հոտընկայս մեր այսօրվա իրողությունների պայմաններում։ Ինձ համար դա անընդունելի էր», - ասաց Գոռ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության բոլոր պատգամավորները հայտնվել են խորհրդարանում այնպես, ինչպես հայտնվել է ինքը․

«Այնպես որ, որևէ մեկը մեկնաբանելուց առաջ իմ՝ այս կամ այն խղճիս և համոզմունքներիս համապատասխան քայլը, թող նախ և առաջ պատասխան տա իր՝ այստեղ հայտնվելու հետագծին»։

Գոռ Գևորգյանն ասաց, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, մի երկրում, որն ունի խորհրդարանական կառավարման ձև, որտեղ կան հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք և մի՞թե իր կամ մյուս պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալը «ամենամեծ բեռն է և ծանրագույն ողբերգությունը, պայմանական ասած, որի շուրջ այսքան քննարկումներ և սոցցանցերում ալեկոծվող հայտարարություններ են հնչեցնում»։

Լրագրողներից մեկն ակնարկեց, որ եթե Գոռ Գևորգյանը ոչ թե լքեր խմբակցությունը և մնար որպես անկախ պատգամավոր, այլ մանդատը վայր դներ, խոհրդարան կգար մեկ այլ իմքայլական և իշխող թիմին ավելի հեշտ կլիներ քվեարկությունների ժամանակ։

 «Ես լքել եմ խմբակցությունը, որովհետև կարծել եմ, որ որպես այլընտրանքային ձայնի տիրապետող անձ այստեղ դեռ ունեմ անելիք, որ, ինչպես տեսնում եք, փորձում եմ ուժերիս ներածին չափով իրականացնել»,- պատասխանեց պատգամավորը։

Հարցին, վիրավորվե՞լ է նա, որ վարչապետը չի պատասխանել հարցին, Գոռ Գևորգյանը պատասխանեց, որ նման հարցերին աշխատում է ժպիտով վերաբերվել։ Իր համար քաղաքական և անձնական տարածքում բարեվարքության կանոններն առաջնային են։