Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Դատական համակարգը 97 թվականից սկսած՝ մեծապես ծառայել է մաֆիային և քրեաօլիգարխիային»․ակցիա ԲԴԽ-ի դիմաց (տեսանյութ)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներն այսօր քաղաքական ակցիա իրականացրին Բարձրագույն դատական խորհրդի մոտ՝ իրենց բողոքն արտահայատելով ԲԴԽ-ի գործունեության դեմ։

Կուսակցության անդամները համոզմունք ունեն, որ դատավորներն այսօր անկախ չեն նախկին իշխանության ներկայացուցիչներից, որպես օրինակ նրանք վկայակոչում են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը՝ ուղղված դատավորներին, որտեղ նա մասնավորապես ասել էր․

«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Ակցիային մասնակցում էր նաև Մարտի մեկի տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Վերջինս անդրադարձավ Մարտի 1-ի գործին, նշեց՝ այդ գործը իրենց տառապանքն էր, որը տապալեց դատական համակարգը․

«ԲԴԽ-ն իր կոչերով գոտեպնդեց, որպեսզի անարդարություններ տեղի ունենան։ Աշխարհում չկա երկիր, որտեղ 32 էջ շարադրվի Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին վերագրվող արարքներ, սահմանադրական կարգի տարաբնույթ խախտումներով, Սահմանադրության գրեթե բոլոր նորմերի խախտումներով, և պարզվի, որ այդ կարգի մեղադրական եզրակացությունից հետո որևէ դատավոր կարող է գրել՝ քրեական հետապնդում չիրականացնել, որովհետև ՍԴ-ն ոչնչացրել է սահմանադրական նորմը։ Որևէ մեկը չի կարող փակել Մարտի 1-ի էջը, մենք կունենանք ՄԻԵԴ-ում տասնյակ վճիռներ, և այսպիսի երկրին որևէ մեկը չի կարող հարգել»։

Սաֆարյանը պնդեց՝ ՀՔԾ-ում մոտ 400-500 հատոր գործ կա Մարտի մեկով, կան գործեր, որոնք դեռ պետք է գան դատարան։

Ելույթ ունեցավ նաև անկախ պատագամավոր Արման Բաբաջանյանը, ով նշեց, որ ակցիաները կարող են շարունակական լինել և՛ ՍԴ-ի դիմաց, և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության, և՛ Դատախազության․

«Բոլոր այս պետական մարմինները հավասարապես պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար,  կարող ենք հաստատապես ասել, որ Մարտի 1-ի գործով կայացված որոշումները հանցավոր  համագործակցության  հետևանք են դատական համակարգի և իրավապահների միջև։ Մենք հաստատապես կարող ենք ասել, որ ՍԴ-ի որոշումը ուղղակիորեն կապված է նախկինների ցանկության հետ, Ռոբերտ Քոչարյանին իր պաշտպանության տակ վերցնելու մղումներով»։

Բաբաջանյանի խոսքով՝ դատական համակարգը 97 թվականից սկսած՝ մեծապես ծառայել է մաֆիային և քրեաօլիգարխիային․

«Բայց չէր կարող հեղափոխությունից 3 տարի անց երկրում իրավական քաղաքականությունը այսպիսի վախճան ոնենալ, մենք այս կամազրկության պատճառով ունենք տապալված իրավական քաղաքականություն»։

Բաբաջանյանը համոզմունք ունի, որ պետության զավթման գործում դատարանները կարևոր դերակատարում են ունեցել․

«Դատական համակարգը պատերազմ է հայտարարել մեր ժողովրդին, և մենք այստեղ ենք, որպեսզի ասենք, որ թույլ չենք տալու»,-ասաց Բաբաջանյանը։