Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը ապրիլի․ Սպանվեց Արթուր Մկրտչյանը, նախարար նշանակվեց Սեյրան Օհանյանը, SAS-ի Արտակը հեռացվեց ՕԵԿ-ից (տեսանյութ)

1992-ի ապրիլի 14-ին իր տան մոտ սպանվեց Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, 34-ամյա Արթուր Մկրտչյանը։

1998-ի ապրիլի 14-ին հայ գրականագետները շարունակում են փնտրել 1848-ի հենց այս օրն անհետ կորած Խաչատուր Աբովյանին։Քանաքեռի իր բնակարանից Աբովյանը դուրս էր եկել զբոսնելու եւ այլեւս չէր վերադարձել։ Գրականագետներին ամենից շատ հիասթափեցնում է այն, որ այդպես էլ չեն իմանա, թե ինչպես է մահացել «Վերք Հայաստանի» հեղինակը։

Ազգային Ժողովն 1998-ի այս օրը քննարկում էր «Զենքի մասին» օրինագիծը՝ ազատականացնե՞լ նրա վաճառքը, թե՝ ոչ։ Օրենքը պետք է,-ասում են պատգամավորները, սակայն զենք կրելն ամենքի խելքի բանը չէ։

Կոմունիստները 2000 թվականի ապրիլի 14-ին հետաքրքիր բացահայտում են անում՝ Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը նրանց ասել է, որ Արցախը ոչ հայերինն է, ոչ էլ ադրբեջանցիներինը, այն ռուսական կայսրության հող է, հետեւաբար այն կարիք չունի մտնելու Ռուսաստան-Բելառուս միության մեջ։

Վիճակախաղային բիզնեսի կողմնակիցները 2000 թվականի այս օրը փորձում են Արշակ Սադոյանից եւ լրագրողներից պաշտպանել իրենց գոյատեւման իրավունքը՝ եթե լոտոները վերացնենք, կավելանա արտագաղթը։ Հայտարարում են՝ եթե հրապարակում հանրահավաք անենք, մեզ ավելի շատ մարդ կմիանա, քան քաղաքական գործիչներին։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն իր 90 անդամներով 2001-ի ապրիլի 14-ին նշում է իր հիմնադրման 5 տարին։ Նրանք ասում են, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը ամենաարդար ընտրություններով ձեւավորված ամենաինտելեկտուալ խորհրդարանն էր եւ նման չէր հաջորդ երկու խորհրդարաններին։

Ծիծեռնակաբերդի այգում 2001-ի այս օրը կառավարությունը ծառ էր տնկում ամփոփելով քաղաքապետարանի հայտարարած բարեկարգման եւ կանաչապատման միամսյակը։ Վարչապետի գլխավորությամբ նախարարներն անձամբ էին փորում իրենց փոսը։

2006-ի ապրիլի 14-ի երեկոյան «Օրինաց երկիր» կուսակցությունն իր շարքերից հեռացնում է խմբակցության անդամ, SAS ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանին։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ օրն ափսոսանքով հիշում է՝ «Օրինաց երկիրը» շատ բան է արել Արտակ Սարգսյանի պատգամավոր դառնալու համար։

2008 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նշանակման պահին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։