Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բացվեց «Անվախ աղջկա» արձանը (տեսանյութ)

 Երևանում  Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջիկ» արձանը։  Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարար ֆեյսբուքյան իր էջում բացատրել է՝  ինչու տեղադրվեց այս արձանը։

«Հավասար իրավունքների ու հնարավորությունների երկիր կառուցելու մեր ճանապարհին՝ հատկապես պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Մենք պետք է և անում ենք առավելագույնն ու ամեն հնարավորը` կանանց կարողությունների զարգացման գործում մեր ներդրումն ունենալու համար։

Եվ պատահական չէ, որ հենց այս խորհրդանշական օրը Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցավ «Անվախ աղջկա» արձանի բացման արարողությունը, որը նպատակ ունի խրախուսել աղջիկների մասնակցության անհրաժեշտությունը կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության ոլորտներում, զերծ մնալ սեռով պայմանավորված խտրականության դրսևորումներից։

Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի Կառավարության շենքը․ վստահ, անվախ ու պահանջատեր։ Աղջիկ, ով քաջ է իր իրավունքները պաշտպանելիս ու իրացնելիս․ ունի իր ցանկություններն իրականացնելու կամքի ուժ ու համարձակություն։

Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով, գլխազարդով, ոգով

Որպես լիազոր գերատեսչության ղեկավար և երկու աղջիկների երջանիկ հայր` հանձնառու եմ պաշտպանել աղջիկ երեխաների երազելու իրավունքն` իրենց երազանքներին հասնելու համար հավասար հնարավորությունների ապահովմամբ։

Շնորհակալ եմ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, իմ առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին, որոնց ելույթները որպես կին առաջնորդի կարող են շատերին մոտիվացնել, ինչպես նաև Արցախի մեր գործընկեր` Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին մասնակցության համար»,- գրել է նա։

Ի դեպ,  նմանատիպ արձան    Նյու Յորքում  տեղադրվել է  2017 թվականին՝ Կանանց միջազգային օրվա նախօրեին:

 
Այն տեղադրվել է  Ուոլ Սթրիթի հայտնի բրոնզե ցուլի արձանի դիմաց, որը խորհրդանշում է աճող շուկան: Ամերիկյան ամենահին բանկերից մեկը ՝ State Street Global Advisors- ը՝ կանգնեցնելով աղջկա արձանը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել կորպորատիվ ընկերություններում կանանց դերին։
 
Աղջկա ոտքերի տակ գրառում կար. «Իմացեք կանանց առաջնորդության ուժը: Այն կարևոր է»: Բանկը նաև նամակներ է ուղարկել ԱՄՆ 3500 ընկերություններին ՝ կոչ անելով կանանց ավելի շատ կարիերայի հնարավորություններ ունենալ:
 
Քանի որ արձանի շուրջ զբոսաշրջիկների բազմությունը խոչընդոտ էր դարձել երթևեկության համար, 2018 թվականի դեկտեմբերին արձանը տեղափոխվեց Նյու Յորքի բորսայի կենտրոնական մուտքի մոտ: