Ոստիկանապետը Շիրակի մարզից կանչել է քաղաքացուն ու երկու օր է՝ չի ընդունում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամաձայն պայմանավորվածության՝ նախկին զինվորական, ավագ ենթասպա Մելիքսեթ Գաբոյանը մարտի 31-ի առավոտյան Շիրակի մարզից գնացքով Երևան էր եկել՝ ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ հանդիպելու, սակայն ոստիկանապետն այդպես էլ արդեն երկու օր է նրան չի ընդունում։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Մելիքսեթ Գաբոյանը՝ իրեն ոստիկանապետի հետ հանդիպման համար հերթագրել էին, սակայն երբ արդեն ճանապարհին է եղել, զանգահարել ու ասել են՝ հնարավոր է՝ չընդունի ոստիկանապետը․
«Բայց ես եկա ու բողոքի ակցիա արեցի ոստիկանության շենքի դիմաց, ոստիկանների խնդրանքով դադարեցրի ակցիան, խոստացան՝ 16։00-ին Վահե Ղազարյանը կընդունի։ Մինչև գիշերվա 19։30-20։00 բաժնում եմ եղել և Վահե Ղազարյանն ինձ չընդունեց։ Կենտրոնի բաժնից փոխգնդապետ Գրիգորյանն ինձ ասաց, որ վաղը՝ ապրիլի 1-ին, մինչև 10։00-10։30 ձեզ կզանգեն, ոստիկանապետը կընդունի», - ասաց Գաբոյանը։
Մինչև հիմա էլ, նրա խոսքով, չեն զանգահարել և ոչ ոք չի ընդունել։ Առավոտյան կրկին ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց է եղել գրեթե 50 րոպե և եկել է Կառավարության շենքի մոտ։ Երկու տեղում էլ միայն ոստիկանության մի քանի աշխատակից է մոտեցել, ընդամենը հարցրել՝ ինչ խնդիր կա և ուրիշ ոչինչ․
«Նորից ես կսկսեմ իմ բողոքի ակցիաները՝ նստացույց, հացադուլ, վերջինն արդեն ինքնահրկիզման կգնամ, իրոք այլևս ի վիճակի չեմ», - ասաց Մելիքսեթ Գաբոյանը։
Հիշեցնենք, որ Մելիքսեթ Գաբոյանն արդեն 17 տարի պայքարում է իր իրավունքների համար և պնդում՝ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։ ԽՍՀՄ անձնագրով 1994-2004 թվականներին ծառայել է Սահմանապահ զորքերում։ ԽՍՀՄ անձնագրի հիման վրա 5 անգամ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ և այդ տարիներին իր աշխատավարձը քիչ են վճարել։
Ինչպես նա է նշում, հենց ծառայության ընթացքում բազմիցս դիմել է այդ հարցը կարգավորելու համար, սակայն նրան զորացրել են։