Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 26-ը ապրիլի (տեսանյութ)

1999-ի այս օրը լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է։ Բլեյանը հայտարարեց, որ իշխանությունը յուրացրած մարդկանց խումբը Հայաստանում կասեցրել է սահմանադրական կարգը։

2001-ի մարտի 26-ին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հույս էր հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կերպով կկարգավորեն հարաբերությունները, քանի որ բնական դաշնակիցներ են։ Բագրատյանը համոզված էր, որ առանց Ադրբեջանի վառելիքանյութական բազայի Հայաստանի տնտեսությունը զարգանալ չի կարող, ինչպես նաեւ Ադրբեջանը չի կարող զարգացում ապրել՝ առանց Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների։

2002-ի մարտի 26-ին Աբովյան փողոցի սրճարաններից մեկում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀՇ վարչության նախագահ Ալիկ Արզումանյանն ու վարչության անդամ Վահագն Հայոցյանը։ Ոստիկանության բաժանմունքում նրանց այցելած իրավապաշտպան Միքայել Դանիելյանը փաստում էր, որ ոստիկանության աշխատակիցներն արգելում են բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին։ Ըստ իրավապաշտպանի՝ հենց ծեծվողներին իբրեւ միջադեպի մեղավորներ ներկայացնելու փորձ էր արվում։ Պատճառը թերեւս այն էր, որ ծեծի ենթարկողները, որ սրճարանի անվտանգության աշխատակիցներն էին, ոստիկաններ էին։

2002-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքում էր այն խոսակցությունները, թե մտադիր է մի քանի օր հետո կայանալիք մրցույթի պատրվակով եթերազրկել «Ա1+» հեռուստաընկերությունը։ Ի դեպ, այս ելույթից մի քանի ժամ առաջ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել էր Հյուսիսային պողոտայի շինարարության պաշտոնական մեկնարկին եւ անձամբ շինարարության հիմքում դրել էր ամսաթիվը հաստատող գրությունը պարունակող զմռսված շիշը։

2002-ի նույն այս օրը Մամուլի ազգային ակումբում բողոքի յուրատեսակ ակցիա էին անցկացնում այն լրագրողները, ովքեր համարում էին, որ ԱԺ օրակարգում հայտնված «Զանգվածային լրատվության մասին» օրենքը մամուլի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու փորձ է։ Այս հավաքին մասնակցող լրագրողներն ու քաղաքական գործիչները հանդես եկան օրենքը շրջանառությունից հանելու պահանջ-հայտարարությամբ։

2010-ի այս օրը քաղաքական ընդդիմության առաջնորդներից Լեւոն Զուրաբյանը դրական գնահատեց ԵԽԽՎ Հայաստանի հարցի զեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլումբիեի ներկայացրած նոր փաստաթուղթը։ Առաջընթաց էր համարվում այն, որ Հայաստանի իշխանությունների առջեւ ժողովրդավարական բարեփոխումների ժամանակացույց կազմելու հստակ պահանջ էր դրված, ընդ որում պահանջվում էր, որ ժամանակացույցը կազմելիս հաշվի առնվի ընդդիմության կարծիքը։