Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը գործընթացը հետ կգցի․ Մարուքյանը՝ ԸՕ-ի փոփոխման մասին (տեսանյութ)

Եթե փորձ արվի ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, կնշանակի, որ պրոցեսի ընթացքում փոխվում են խաղի կանոնները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պնդելով, որ այս փուլում Ընտրական նոր օրենսգրքի ընդունման շուրջ կոնսենսուսի գալու հնարավորություն չի տեսնում․

«Կա հայտարարված արտահերթ ընտրությունների օր, այդ օրը հայտարարելու պահից սկսած մեկնարկել է արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, այդ աշխատանքները պետք է կամզակերպվեն կանխատեսելի օրենսդրությամբ։ Խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը գործընթացը հետ կգցի, բացի այդ, մարզերի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենա ներկայացվածություն ունենալ Խորհրդարանում»։

Ըստ Մարուքյանի, արդար և թափանցիկ ընտրություն անցկացնելու երաշխիքը քաղաքական կամքն է, որն ունեն ընդդիմադիր խմբակցությունները և հույս ունեն, որ կունենա նաև իշխանությունը։

Անդրադառնալով նախկինում արված իր հայտարարությանը, թե արտահերթի պարագայում ընտրատեղամասերում արյուն կթափվի, Մարուքյանն ասաց․ մի մասով իրենց մտահոգությունները փարատվել են․

«Օրինակ՝ կան խմբեր, որոնք զինաթափվել են, սա լուծում է ստեղծված իրավիճակի, որի ուղղությամբ պետք է աշխատել»։