Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անգլիական գերիշխանություն, իտալական ֆիասկո. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան վերջին հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Աթլետիկոյին» և մտավ քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում անգլիացիները հաղթել էին նվազագույն հաշվով՝ 1:0:

Մյունխենի «Բավարիան», որն առաջին մրցավեճում Հռոմի «Լացիոյին» 4:1 հաշվով ջախջախել էր նրա իսկ դաշտում, իր հարկի տակ բավարարվեց համեստ հաղթանակով՝ 2:1:

Այդպիսով, 1/8 եզրափակիչ մտած Իտալիայի բոլոր երեք ակումբներն էլ դուրս մնացին պայքարից: «Լացիոյից» առաջ անհաջողության էին մատնվել նաև Թուրինի «Յուվենթուսը» և Բերգամոյի «Ատալանտան»:

Այս փուլում երեք կորուստ ունեցավ նաև Իսպանիան՝ հանձինս «Աթլետիկոյի», «Բարսելոնայի» և «Սևիլյայի»: Իսկ ահա Անգլիան պահպանեց բոլոր երեք մասնակիցներին. «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» պայքարից դուրս բերեցին գերմանական թիմերին, իսկ «Չելսին»՝ Իսպանիայի առաջնության առաջատարին:

Քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին: Այս անգամ թիմերը չեն բաժանվի տարբեր զամբյուղների միջև և վիճակահանությունը կկատարվի կույր սկզբունքով: Այդ փուլի խաղերը կկայանան ապրիլի 6-7-ին և 13-14-ին: