Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Էդգար Ղազարյանը պնդում է՝ Արման Դիլանյանը ՍԴ լեգիտիմ նախագահ չէ, իրեն աշխատանքից ազատելու իրավունք չուներ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան և վիճարկում է Արման Դիլանյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման լեգիտիմությունը, ինչպես նաև՝ որպես դրա հետևանք, Դիլանյանի կողմից` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշման օրինականությունը։

Այսօր դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատավոր Արթուր Ավագյանը հայտնեց, որ ընկերական հարաբերություններ ունի ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ, ուստի կողմերին ժամանակ տվեց քննարկելու դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցը։

Երկու կողմից էլ պնդեցին, որ դատավորին անվստահություն հայտնելու հիմքեր չեն տեսնում, եթե դատարանը գտնում է, որ կարող է արդար դատաքննություն իրականցնել, ապա իրենք ինքնաբացարկ ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Էդգար Ղազարյանը պնդեց՝ Արման Դիլանյանը ՍԴ լեգիտիմ նախագահ չէ, հետևաբար՝ իրեն աշխատանքից ազատելու որոշում կայացնելու իրավունք չուներ, ըստ Ղազարյանի՝ Դիլանյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվել է ԱԺ-ի կողմից ընդունված հակաօրինական որոշումների հետևանքով․

«Անգամ այն պարագայում, եթե Արման Դիլանյանի զբաղեցրած պաշտոնն օրինական է, ինչի վերաբերյալ խորը կասկածներ ունենք, ապա նույնպես նրան գրոծողությունները անձամբ մեր մասով եղել են օրենսդրությանը հակասող»։

Ղազարյանը նաև պնդում է՝ Արման Դիլանյանի ընտրության վերաբերյալ որևէ անհատական ակտ գոյություն չունի, մինչդեռ ՍԴ-ն պետք է ունենար որոշում քվեարկության արդյունքները հաստատելու վերաբերյալ։

Նիստին որպես պատասխանող կողմ մասնակցում էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը․ նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք  հայցվորը վիճարկում է ՍԴ նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի ընտրության որոշման իրավաչափությունը, ինչին Ղազարյանն արձագանքեց՝ նման որոշում չկա, Առաքելյանն էլ պնդեց՝ ընտրության արդյունքներն արձանագրված են։

Առաքելյանը հայցադիմումը անհիմն համարեց։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 14-ին։