Զոլաքարի բնակիչը ցանկանում է իր մշակած 6 տոննա կաղամբը հատկացնել բանակին․ սպասում է արձագանքների
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Սևադա Խանդամիրյանը որոշել է իր մշակած 6 տոննա կաղամբը որպես օգնություն հատկացնել բանակին։ Այս մասին նա տեղեկացրել էր և ֆեյսբուքյան էջում և դիմել պատկան մարմիններին։
«Ա1+»-հետ զրույցում Խանդամիրյանը նշեց՝ արձագանք դեռ չի ստացել, ասում է՝ թող որևէ զորամասից գան, տանեն, որովհետև կաղամբը սեփական ուժերով տանելու և որևէ զորամասի հատկացնելու միջոցներ չունի։
Խանդամիրյանը նշեց՝ այգու մի մասում կաղամբ է մշակում, մյուս մասում՝ կարտոֆիլ, այս տարի ստացած բերքի մի մասով ցանկանում է բարեգործություն անել։
Ասաց՝ պատրաստվում է մեկնել արտագնա աշխատանքի, մինչ այդ ցանկանում է բերքը նվիրաբերել բանակին․
«Մի մասը վաճառել եմ, մյուս մասը քանի որ կարիք չունեմ, չեմ ցանկանում վաճառել, ուզում եմ օգնել մեր բանակին»։
Նշեց, որ ցանկանում է շուտ արձագանք ստանալ, որովհետև երկրից դուրս պետք է գնա։