Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայերի հանդեպ գեներացվող ատելությունը տարիների կուտակում է. քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

     Ադրբեջանում էթնիկ հայ բնակչության նկատմամբ գեներացվող ատելությունն ու անհանդուրժողականությունը Արցախի հայ բնակչության համար գոյապահպանական լուրջ վտանգներ է ստեղծում։ Իսկ  նման դրսեւորումները ներկայացված են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցում, որը պատրաստել են Հայաստանի եւ Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող՝ մի շարք հասարակական  կազմակերպությունները։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝  զեկույցը գաղափարը  ծնվել է դեռ  պատերազմի ժամանակ, երբ  հայկական ՀԿ սեկտորի ներկայացուցիչները  փորձում էին հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը՝  դիմում-բողոքներ գրելով միջազգային կազմակերպություններին։

Դիմում-բողոքները կապված էին կրթության, վարձկանների, հետագայում արդեն գերիների հետ։ Եվ տեսնելով, որ կարմիր թելի նման անցնում է քսենոֆոբիայի խնդիրը, Սոնա Այվազյանի խոսքով՝ հասկացան, որ պետք է ամփոփել ատելության դրսևորումների տարբեր դրվագները և ցույց տալ միջազգային տարբեր կառույցներին և հանրությանը, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդը չի կարող ապրել ադրբեջանական ղեկավարության ներքո․

«Ավելի հաճախ մենք հղում ենք արել Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներին, բայց փորձել ենք նաև օգտագործել վիդեո և աուդիո նյութեր», - ասաց նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիա կոնտրոնի» քննարկմանն ասում է՝   զեկույցում  ոչ միայն իրապես ներկայացված են 44-օրյա պատերազմի դեպքերը՝ սպանությունները, խոշտանգումները և այլն, այլ նաև, որ դրանք հենց ուղեկցվել և ներկայացվել են որպես ատելության դրսևորման օրինակներ՝ ըստ էթնիկ պատկանելության․

«Առավել կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել, որ ժամանակին Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվում, աջակցվում էր ատելությունը, թշնամանքն ըստ էթնիկ պատկանելության, դա տարիների կուտակում է եղել։ Եվ միջազգային կառույցները, որոնց անդամ է հանդիսանում Ադրբեջանը, թողել են այդ ամենն անպատիժ։ Ըստ էության, հենց այդ անպատժելիությունը հանգեցրեց նաև այս պատերազմի սանձազերծմանը», - ասաց Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով, այդ ատելության քաղաքականությունը շարունակվում է նաև պատերազմից հետո և ոտնձգությունները ոչ միայն Արցախի քաղաքացիների նկատմամբ են, այլև Հայաստանի։

«Բացի Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինների կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության, այս ամենն իրականացվում է նաև մշակութային և սպորտային ներկայացուցիչների կողմից, որը հանրային մեծ գովասանքի է արժանանում», - ասաց ՀՀ ՄԻՊ օգնական Տաթևիկ Մանուկյանը։

Նրա խոսքով, այդ գործիչները հաճախ են իրենց խոսքում օգտագործում հայատյաց արտահայտություններ, օրինակ․ «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա թե տարեց»․

«Զեկույցը բաժանված է հենց այսպես՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող, մշակութային և սպորտային գործիչների կողմից իրականացվող, հայ երեխաների նկատմամբ իրականացվող և իրական օգտատերերի կողմից իրականացվող ատելություն», - ասաց Տաթևիկ Մանուկյանը։

Մանրամասները՝  տեսանյութում