Բացել լրահոսը Փակել լրահոսը
155909887_2888159014758542_2745489320231414609_n
A A
Պաշտոնական

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի վիճակագրությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի վիճակագրությունը․
 
2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի հիվանդացության առաջին դեպքը: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, մեկ տարվա ընթացքում համակարգը կարողացավ իրավիճակը կայունացնել:
Մինչ կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքն արձանագրվելը առողջապահական համակարգը արդեն իսկ իրականացնում էր նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ բոլոր բժշկական կազմակերպություններում գնահատվեցին կարողությունները՝ դեղորայքով, սարքերով և սարքավորումներով, անհատական պաշտպանության միջոցներով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովման տեսանկյունից, մեկնարկեցին բուժանձնակազմի շրջանում դասընթացները, ինչպես վարակի հսկողության, այնպես էլ պացիենտների խնամքի, վարման և բուժման հարցերով, որոնք կրում էին շարունակական բնույթ։
 
Առաջին դեպքի արձանագրումից հետո, կանխատեսելով դեպքերի ավելացումը ԱՀԿ առաջարկների հիման վրա, մշակվեց արտակարգ իրավիճակին արձագանքման պլան՝ որը ներառում էր հիվանդության տարածման դեպքում արագ արձագանքման տարբեր սցենարներին բնորոշ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։ Ընտրվեցին ռեֆերալ կենտրոններ, որոնք համապատասխանեցվեցին վարակի հսկողության և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առումով ԱՀԿ մոտեցումներին։ Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես հայտարարվեց արտակարգ իրավիճակ, մշակվեցին և ներդրվեցին անվտանգության կանոնների և հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներ։ Սահմանի անցման կետերում իրակակացվեց ջերմաչափում և հասցեական քարտերի լրացում, իսկ ցամաքային անցման կետերում՝ թույլատրվեցին բեռնափոխադրումները՝ բոլոր վարորդների հսկողության պայմանով։
 
Կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լրամշակվում են՝ հիմնվելով ինչպես ԱՀԿ առաջարկների վրա, այնպես էլ ելնելով առկա համաճարակային իրավիճակից, որի արդյունքում հնարավոր է լինում նվազեցնել հիվանդության տարածման ռիսկը, ինչպես նաև առողջապահական համակարգի վրա բեռը։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում ու հորդորում է պահպանել հակահամաճարակաբանական բոլոր կանոնները.
✅ կրե՛ք դիմակ,
✅ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,
✅ սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք պահպանմանը,
✅ սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ։