Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Մեկ տարի կորոնավիրուսի հետ․ երրորդ ալիքի վտանգը՝ պատվաստանյութը երկիր չմտած (տեսանյութ)

Կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջանո՞ւմ են արդյոք հակամարմիններ և որքա՞ն երկար են մնում մարդու օրգանիզմում։

«Այժմ բժշկական համալսարանը մեծ թափով  քովիդի հակամարմինների քանակական անալիզներ է անելու։ Արդեն իսկ կարող ենք ասել, որ հակամարմինները երևի թե մինչև 10 ամիս մնում են օրգանիզմում, ինչը անուղղակի կարող է խոսել այն մասին, որ քովիդով վարակված մարդիկ այս 10 ամսվա ընթացքում կարող են պաշտպանված լինել կրկնավարակներից։ Բայց այս ամենը մենք զգուշությամբ ենք ասում, որովհետև ևս մեկ անգամ ամեն ինչը պետք է փաստարկվի, որ մեր ասածն ունենա 100%-անոց գիտական հավաստիացնում», - ասում  Է ԵՊԲՀ պրոռեկտոր , պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։

 Երևանի պետական բժշկական համալսարանում բժշկագիտության մասնագետներն ամփոփում էին  Հայաստանում  Covid 19-ի անցած 365 օրերը՝ խոսելով հակամարմինների, պատվաստանյութերի արդյունավետության, վիրուսի բուժման ձևերի և առկա այլ խնդիրների մասին։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է 2020 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան՝ Իրանից ժամանած քաղաքացու մոտ:

Համաճարակաբան, ԵՊԲՀ դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 18-ի դրությամբ 7 պատվաստանյութի մասին է խոսել, որոնցից երկուսը առաջիկայում հասանելի կլինեն Հայաստանում։ Առաջինը՝ ռուսական Sputnik V-ն է, երկրորդը՝ AstraZeneca-ն․

«Պատվաստանյութն այն գործիքն է, որ թույլ է տալիս քովիդի դեմ խաղի կանոնները փոխել ի օգուտ մեզ։ Հանրությունը պետք է չտրվի այն թյուր կարծիքին, որ պատվաստանյութն առաջացնում է անպտղություն, չիպավորում է և այլն։ Ճիշտ իրազեկումը նույնպես շատ կարևոր է», - ասաց նա։

Արդեն կիրառվող 7 պատվաստանյութերը համարվում են բավական անվտանգ, ասաց համաճարակաբան, ԵՊԲՀ դասախոս Արման Բադալյանը։ Նրա խոսքով՝ արդյունավետության տեսանկյունից դեռ որոշ հարցերում խոսելը վաղ է․

«Այո, այլ պատվաստանյութերի համեմատ սրանք շատ արագ ստեղծվեցին, բայց արագության մեջ կարգավորող մարմինների կողմից էլ անվտանգության և էֆֆեկտիվության չափանիշներն են շատ խիստ դրված», - ասաց Արման Բադալյանը։

Մուտացիաներն էլ, ըստ նրա,  պատվաստանյութերը ստեղծելիս հաշվի են առնվել և մուտացիաների դեպքում արդեն հարկ կլինի ոչ թե նոր պատվաստանյութ ստեղծել, այլ արդեն եղածները որոշակի փոփոխությունների ենթարկել։

Հայաստանում հակահամաճարակային կանոններին և շփումների շղթաների նվազեցմանը շատ խիստ չեն հետևել, նշում է պրոֆեսոր, ԵՊԲՀ դասախոս Արտաշես Թադևոսյանը։ Կար խնդիր և՛ ժողովրդի կողմից, և՛ քաղաքական կամքի տեսանկյունից, բայց, այնուամենայնիվ, հնարավոր եղավ զսպել վարակը մինչև սեպտեմբեր ամիս, որից հետո մեծ բռնկում սկսվեց․

«Այսօր մենք հույս ենք դրել պատվաստանյութերի վրա, որ կարող է շատ լավ այլընտրանք լինել խստացումներին։ Բնակչությունը և մեր տնտեսությունը չեն կարող անվերջ սահմանափակումների մեջ լինել», - ասաց Արտաշես Թադևոսյանը։

Մինչ օրս Հայաստանում քովիդով հիվանդներին՝ հատկապես տնային, պոլիկլինիկական պայմաններում  բուժել են  հակաբիոտիկներով,- նշեց պրոֆեսոր, ԵՊԲՀ դասախոս Իրինա Մալխասյանը․

«Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։ Բացարձակ տեղյակ չլինելով վիրուսային վարակի պաթոգենեզին և հիվանդության ընթացքին՝ ինչո՞ւ ենք չհիմնավորված, մեծաքանակ  դեղեր նշանակելով ինքնախաբեությամբ զբաղվում՝ հուսալով, որ օգնում ենք հիվանդին»։

Կորոնավիրուսային հիվանդության  երրորդ ալիքի վտանգը դեռ առկա է, հատկապես վերջին օրերին հիվանդների քանակն ավելացել է։

 Երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: