Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 25-ը փետրվարի․ Մամուլի մասին նոր օրենքի նախագիծը արդեն հավանել էր Քոչարյանը, իսկ լրագրողները պահանջում են․․․․․․ (տեսանյութ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել լեգրան 1998-ի փետրվարի 25-ին հանդիպում է նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ: Դեսպանը բոլոր թեկնածուների հետ է մտադիր հանդիպել եւ առաջարկել ֆրանսիական ժողովրդի բարեկամությունը: Դեսպանին Կարեն Դեմիրճյանն ասում է, որ իրեն ձայն տվողները էժան երշիկի կողմնակիցները չեն, ինչպես վստահեցնում են մրցակիցները, այլ արժանապատիվ մարդիկ:

Նույն օրը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը Արարատում կտրում է հայկական ոսկու արդյունահանման հայ-կանադական ձեռնարկության բացման կարմիր ժապավենը: Նախագահ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ այստեղ ոսկի է շոշափում նաեւ կաթողիկոս Գարեգին Առաջինը: Այնուհետեւ նախագահի թեկնածուն այստեղից մեկնում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր ղեկավարած ցեմենտի գործարան, տալիս խոստումներ, իսկ վերջում հետաքրքրվում՝ դուք հավատու՞մ եք իմ խոստումներին:

1999-ի այս օրը Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում բացվում է զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը : Զորավարն այստեղ անզեն է, բայց մտահոգ: Արձանը բացողներից են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կաթողիկոսի փոխանորդը եւ քաղաքապետը:

2000-ի այս օրվա դրությամբ դեռ արտադրանք է տալիս դեռեւս չսեփականաշնորհված Ավանի աղի կոմբինատը: Տարեկան կոմբինատը տալիս է 15 հազար տոննա յոդացված կերակրի աղ: Սպառողը միայն Հայաստանն է: Ավելին, այս գործարանում անկախության օրոք դեռ ներդրում չի արվել:

2000-ի այս օրերին սեւ կատու է անցել Երեւանի «Դողագործի» կառավարիչ «Դվին» կոնցերնի եւ գործարանի աշխատողների միջեւ: Կոնցերնի ներկայացուցիչը աշխատողներին հասկացնում է, որ պետք է շնորհակալ լինեն «Դվին»-ից 25-30 հազար դրամ աշխատավարձի համար, որն ի դեպ նոր է բարձրացվել: Նույն օրը անհայտ քաղաքացին զանգահարում է «Աղբյուր» ամսագրի խմբագրություն եւ գլխավոր խմբագրին ասում, որ շենքն ականապատված է : Զանգահարողն ավելի է կոնկրետացել՝ 6 րոպեից շենքն օդ կբարձրանա: Շներն անցնում են գործի, գալիս են հրշեջները եւ «Շտապ օգնությունը»: Այս շենքում է գտնվում նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունն ու Պարույր Հայրիկյանի կուսակցությունը: Մեկ ժամ անց շները հասկացրեցին՝ ահազանգն անհաջող կատակ էր:

Այսպիսին է Երեւանի տան շուկան 2000-ի փետրվարի 25-ի դրությամբ : Բնակարան գնողներն ընդամենը 10 տոկոսն են, վաճառողները կամ հացի փող են աշխատում, կամ փախչում են երկրից: Քաղաքապետարանը մեկ տարի առաջ է «Հաղթանակ» կամուրջի հարակից տարածքից տների շուկան տեղափոխել փակ տարածք, որպեսզի, ըստ վաճառողների, օդանավակայանից քաղաք բերող ճանապարհի վրա գտնվող տների խուճապային վաճառքի այս ձեւը քաղաքի հյուրերի տեսադաշտից հեռու պահի:

Նոր Հաճնի վարսավիր Սուրեն Ջհանգիրյանը 30 տարվա ընթացքում կուտակել է իր հաճախորդների վարսերը, որոնք այժմ օգտագործվում են ինքնաշեն ավտոմեքենայի այս անվադողերի համար : Ի դեպ, այս մեքենայի 4 ակերից երկուսն ինքնաթիռի են, իսկ շարժիչը հնձիչ մեքենայի է:

Մամուլի մասին նոր օրենքի նախագիծն, ըստ լրատվամիջոցների, հաշվեհարդարի օրենք է: Այն արդեն հավանել է նախագահ Քոչարյանը՝ օրենքը նախատեսում է, որ պաշտոնյան կարող է փող ուզել հարցազրույցի համար: Արդարադատության փոխնախարարն արդարանում է՝ լրագրողն ինչ-որ մեկին վիրավորելու համար պետք է վճարի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եվ այս օրենքը լրագրողների ձեռքն է ընկնում, երբ արդեն ուղարկվել է Եվրոպա եւ շուտով կմտնի խորհրդարան: Լրագրողները պահանջում են հանել շրջանառությունից օրենքի այս նախագիծը:

2011-ի այս օրերին ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը միանգամից մի քանի գիրք է հրատարակում: Լեւոն Անանյանն արտիստին անմիջապես շնորհում է Գրողների միության անդամի կարգավիճակ :

2013-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից հետո, ըստ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Հայաստանում նոր իրավիճակ է: Հովիկ Աբրահամյանը տիկին Փոստանջյանին կոչ է անում հարգել Սերժ Սարգսյանի օգտին 58 տոկոս տվածների քվեն:

Րաֆֆի Հովհաննիսյանից փետրվարի 18-ին խլված հաղթանակի համար բուհերում 2013-ի փետրվարի 25-ին սկսվում է դասադուլ: Տնտեսագիտական համալսարանի դարպասները բուհի ղեկավարությունը փակում է, որ ուսանողները դուրս չգան եւ չմիանան մյուս բուհերի դասադուլավորներին: Ուսանողները հաղթահարում են ճաղավանդակները : Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ է գալիս այս բուհ : Ի դեպ, փակված դռներով բուհերի ուսանողները դասադուլին են միանում նաեւ պատուհաններից ցատկելով:

ԿԸՀ-ն այս օրը Հայաստանի նախագահ է հռչակում Սերժ Սարգսյանին: