Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արգենտինայում կորոնավիրուսից մահացել է ֆուտբոլի 1978թ աշխարհի չեմպիոնը

71 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող, 1978 թվականի աշխարհի չեմպիոն Լեոպոլդո Լուկեն:

Ինչպես տեղեկացնում են արգենտինական լրատվամիջոցները, անցած տարվա դեկտեմբերի 29-ին անվանի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 2021թ հունվարի 4-ին նա երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց: Երկշաբաթյա բուժումից հետո 71-ամյա չեմպիոնը վերադարձել է իր հայրենի քաղաք Մենդոսա, սակայն մեկ շաբաթ առաջ կրկին վատ է զգացել իրեն: Այս անգամ բժիշկներին չի հաջողվել փրկել ֆուտբոլիստի կյանքը:

Լեոպոլդո Լուկեն ծնվել է 1949թ մայիսի 3-ին: Նա երկար տարիներ հանդես է եկել «Ռիվեր Փլեյտում», որի հետ 5 անգամ նվաճել է Արգենտինայի չեմպիոնի կոչումը: 1978թ ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն՝ 5 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ:

1986թ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Լեոպոլդո Լուկեն անցել է մարզչական գործունեության, սակայն հաջողության չի հասել այդ բնագավառում: 2017թ նա աշխատում էր իր հարազատ ակումբի՝ «Ռիվեր Փլեյտի» ադմինիստրացիայում: