Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պողպատյան
A A
Հասարակություն

Լեւոն Արոնյան․ Այսօր շատ տխուր լուր ստացա․ նա առաջիններից էր, ով հավատաց իմ շախմատային տաղանդին և շատ առումներով օգնեց ինձ

Լեւոն Արոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Այսօր ես շատ տխուր լուր ստացա իմ ընտանիքին մոտ կանգնած մարդու ՝ Գրիգորի Աշոտովիչ Պողպատյանի մահվան մասին:
 
Գրիգորի Աշոտովիչն առաջիններից էր, ով հավատաց իմ շախմատային տաղանդին և դժվար 90-ականներին շատ առումներով օգնեց ինձ և իմ ընտանիքին:
 
Միշտ կհիշեմ նրա հիանալի հումորի զգացումը, լավատեսությունն ու ջերմությունը:
Հանգչիր խաղաղությամբ քեզ, սիրելի Գրիգորի Աշոտովիչ ...
 

Վախճանվել է Գրիգոր Պողպատյանը

 Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։ 

Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 

1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։ 

1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։ 

1982-1991թթ․  աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։ 

1991թ․ նշանակվել է նորանկախ Հայաստանի Կապի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 1998թ․։ 

1988թ․ Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժմանը։ Մասնավորապես՝ գործուն մասնակցություն է ունեցել 1988թ․ մարտին ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն։ 

Կապի նախարարի պաշտոնում Գրիգոր Պողպատյանի գործունեության արդյունքում՝ 

-        Հայաստանի համար ստեղծվել է արբանյակային ուղիղ կապի միջոցով միջազգային կապի հնարավորություն,

-        Վերազինվել են  հեռախոսակայանները, հեռագրային ցանցը, փոստային ծառայությունները,

-        Ամերիկյան TWT ընկերության հետ համատեղ հիմնադրվել է ԱրմենՏել ընկերությունը, ներդրվել են ծառայությունների նոր տեսակներ` փեյջեր, բջջային կապ,

-        Ստեղծվել է Ինֆոկոմ ընկերությունը,

-        Հայաստանը ներգրավվել է հեռահաղորդակցության միջազգային կառույցներում,

-        Կազմակերպվել է 1996 թվականի Երեւանում Շախմատի համաշխարհային 32-րդ Օլիմպիադայի եւ ՖԻԴԵ-ի 97-րդ Կոնգրեսի տեխնիկական ապահովումը,

-        Ստեղծվել եւ թողարկվել է ՀՀ առաջին նամականիշը։ 

Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Պողպատյանների գերդաստանին, ընկերներին և մտերիմներին՝ այս ցավալի կորստյան կապակցությամբ։ 

Գրիգոր Պողպատյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 18։00-ին, Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ․ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 1-ին, ժամը 13։00-ին՝ նույն տեղից սգո թափորը կշարժվի քաղաքային պանթեոն (Էրեբունի համայնք)։