Բացել լրահոսը Փակել լրահոսը
134138272_2058724304265030_4103088917649541433_n
A A
Հասարակություն

Ոչ նյութական ամանորյա ժառանգություն

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՆՇԵԼ ԱՄԱՆՈՐԸ
Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտոնական Էջից
Ըստ պատմական տվյալների, վաղ ժամանակներում հայերը Նոր տարին նշել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, և հայ մարդը այդ օրն էլ դարձրել է Նոր տարի և նշել շքեղ տոնախմբությամբ` փառաբանելով բնության զարթոնքը, ակնկալելով բերքառատ տարի:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) և տևել է մինչև սեպտեմբերի 9-ը: Ըստ ավանդության, Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին` ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Ենթադրաբար դա
տեղի է ունեցել մ. թ. ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Բառը կազմված է նավա/նոր և սարդ/տարի բառերից և նշանակում է Նոր տարի:
18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ):
Միայն 20–րդ դարի սկզբներից համընդհանուր դարձավ հունվարի 1-ը,որպես տարվա սկիզբ, տոնելը: Հիշատակվում են տոնի տարբեր անուններ` Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, Կալանտար: Նոր
տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ անուններով, իսկ համշենահայերի մոտ` Ծաղկըմուտ:
Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզ երշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի:
Ահա, օրինակ, ականատեսի նկարագրությունը Բալուի ամանորյա ճաշատեսակների վերաբերյալ
«ա) Պղլուր (ձավար),
աղընձած ու ծեծված և խյուսի վերածված շուշմա (սուսամ), քիչ մը ծեծված մանր կարմիր պղպեղ, բավական շատկեկ ջարդված սոխ, իրարու հետ խառնելով, կը լեցնեն զանոնք մինչև կեսը կամ քիչ մը ավելի ջուրով լեցուն պուտուկի մեջ, որուն կափարիչը վրան դնելով անոր բոլորտիքը կը ծեփեն խմորով ու կը դնեն թոնիրին մեջ որ եփի, ատոր կսեն Խորու:
բ)Պղլուրով ու անոր երեք անգամ սիսեռով գրեթե թոփիկի հար և նման գնդիկ կը շինեն:
գ) Անուշապուր, որոն նյութերն են ծեծված ցորեն, որ մաքրված է իր թեփերեն, ընկույզ, նուշ, չամիչ, մեղր կամ ռուպ, երբեմն գազարե ալ կը դընեն, երբ զայն ունենան:
դ)Փերփերապուր, ասոր ալ նյութերը կը բաղկանան չորցված փերփերե, ծեծված ցորենե, կարմիր լոպիկե (լուբիայի տեսակ մը), աղացված ոսպ, չոր, բայց քիչ պղպեղե, սոխե և շուշմայի յուղե:
ե) Պահոց քեշկեկ, աս` կը բաղկանա ծեծված ցորենե, ոսպե, սիսեռե` չորցված կանկարե, ավելուկ ըսված չէր բանջարե և շուշմայի յուղե:
զ) Շուշմայի հետ ասիկա զուտ ցորենի ալյուրի շաղված խմոր մըն է զոր կը բանան խիստ բարակ ու կը տապակեն շուշմայի յուղին մեջ ու հետո անոնց ամեն մեկուն երկու երեսներուն վրա կը լեցնեն կամ կը քսեն ռուպով կամ մեղրով շոեւշմային խյուսին եհտ խառնուրդը, և կը շարեն դրանք իրարու վրա, որպեսզի կակուղ մնան և թե ավելի անուշնան իրար ծեծելով: Պետք է գիտենալ, թե այս բոլոր կերակուրները պահոց կերակուրներ են»:
Շատ ընդունված էին ոսպից, սիսեռից սարքած քյուֆթան, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլման («սուտ տոլմա»), Բալուի կերակրատեսակների մեջ հիշատակված անուշապուրի տեսակները, որ շատ տեղերում «մայրամապուր» (Մարիամի ապուր) էր կոչվում, ինչպես, օրինակ, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուրը, որի մեջ եփելուց հետո դոշաբ են դնում: Լոռեցիների համար հատուկ նշանակություն ունեին լոբին և լոբաջրով պատրաստված կերակրատեսակները: «Նոր տարին գալ չի առանց լոբու», – ասում էին լոռեցիները:
Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել «յոթ» թիվը` յոթ տեսակ թարմ միրգ (օրինակ` խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և այլն), յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր (սալորի, ծիրանի, խնձորի, տանձի, թզի, խաղողի, թթի, արմավի չրոր, զանազան չամիչներ, ունապ, փշատ և այլն), յոթ տեսակ ընդեղեն (օրինակ` ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկը, շագանակ, ձմերուկի կորիզ և այլն), յոթ տեսակ պաստեղ (օրինակ` սալորի, ծիրանի, հոնի, մոշի, խաղողի, սերկևիլի, արմավի և այլն): Ահա թե ինչպես են նկարագրում ականատեսները Դիարբեքիրի հայերի Նոր տարվա մրգեղենի սեղանը.
«… «պրկիշը» (պղնձյա կլոր սեղան) տաքուկ թոնիրին վրա դրված կըլլա, լեցուն` քաղցրավեղեններով, նպարեղեններով, բանդակներով և այլն …, որոնց նշանավորներն են ընկուզերշիկը, նշերշիկը, փոստուղերշիկը: Անդեղտան ապակիի նման պասատեղը, նուռը, սերկևիլը, արմավը ./.., սեխը, մեղրապոպը: Նաև պտուտակը, ունապը, փշատը և այլն: Փոքր սեղանի մի վրա դրված է … նշանավոր անուշեն հալվաները` ընկույզե, նուշե, շուշմայե, որոնց բույրը և համը աննկարագրելի է …»: «Տանտիկինը ցորեկին կպատրաստե «մեզեին պրկիշը»: Սեղանին վրա կը շարե նուրբ պնակներ` ամեն տեսակ մեզեղեներով լի` շաքարեղեններ, նուշ, լեպլեպի, կուտեր, նարինջ, խնձոր, նուռ և այլն: Իրիկունը, արևը մար մտնելեն վերջ, տան մեծավորը կը բազմի թոնիրին ճակատը, շուրջը ունենալով ընտանիքին մյուս անդամները: Հիմակ այս պրկիշը կը բերեն, կը դնեն թոնրին վրա. սեղանի երկու կողմը կը շարվին սեղանին շուրջը: Բոլորովին գիշեր ըլլալուն պես …, ընթրիքեն վերջ կը վերցնի մեզեի սեղանը, թոնիրի վրան կը մաքրվի, փոքրիկի մանչերն ու աղջիկները կելլեն կը նստին թոնիրին վրա` անհամբեր սպասելով «Լօլե»-ին, որ ահա կը բերվի, և մեծ պրկիշ մը դարձյալ, լեցուն հետևյալ կարգով` կարմիր չամիչով, սև չամիչ, ընկույզ, նուշ, լեպլեպի, արմավ, թուզ, սիճուգ, բոլորը իրարու վրա լեցված, որոնց ամենուն վրա կը կենան քանի մի ծալ պաստեղ: Մանուկները կը սկսին երկու ձեռքով խառնել արդեն այս խառնուրդը, որուն կըսեն «լօլեին խառնել»: Լօլեն կատարյալ չէ մանկան համար, մինչև որ չբերվի «չաթալ մոմը». ասիկա հաստ արմատ ունեցող և արմատեն քանի մը նախշուն ճյուղեր արձակող, հատկապես Լօլեին համար պատրաստված մոմ մըն է: Երեք «չաթալեն» սկսյալ` մինչև քառսուն «չաթալները» կան: Ավանդություն մը կա, թե ընտանիքը քանի անդամե որ կը բաղկանա` այնչափ պետք է որ վառված ըլլան մոմի ճյուղերը»:
Քեսապում տանտիկինը «ամբարեն կը հանէր թուզի ընտիր տեսակները, չիրը, չամիչը, պաստեղը, «սուճուխ»-ը, «մըլպի»-ն, ընկոյզը, կը բովէր բեվեկ, թրջած ցորեն ու սիսեռ, կը խառնէր իրարու: Չոր մրգերն ու բովածը (կ’ավուրմու) կը դնէր ծեղէ ամաններու մէջ, ինչպես նաև պահուած պտուղները` խնձոր, տանձ, նուռ, նարինջ, սերկևիլ, ադամաթուզ: Ասոնք ճղիին ու գինիին հետ Նոր տարուան գիշերէն սկսեալ անպակաս կ’ըլլային սեղան`ն մինչև Ս. Ծնունդի երկրորդ շաբաթը»:
Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը` չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն` բոված սիսեռի հետ խառնած, ինչպես նաև Նոր նախիջևանում «Կաղանդ» կոչվող անուշը: Վերջինս սպիտակելոը աստիճան հարած մեղրի և կեղևից մաքրած ու բոված ընկույզի միջուկի խառնուրդն է: Դեկտեմբերի 31-ի տոնական նախապատրաստությունների առանցքը, սակայն կազմում էին բազմաթիվ խմորեղենները: Նախ` ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Նորոգում էին թթխմորը:
Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան մի աղջիկ շաղում էր` առանց թթխմոր խառնելու, այն պետք է թողնվեր ինքնաբերաբար թթվելու և սկսվող տարվա առաջին թթխմորը դառնալու: Այդ խմորից միայն մի փոքր կտոր ակշաթաթի վրա եփում և ուտեցնում էին երեխաներին, որ նրանց փորը չցավեր:Ապա թխվում էր տոնի կարևորագույն `«Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի»,«Կլոճ», «Փուռնիկ», և այլ անուններով հայտնի, ծիսական հացը: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ձևը տարբեր էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն` ըստ ճաշակի և ցանկության: Եթե գաթա է, ապա միջուկը`խորիսը, մեղրով է շաղախվում, և առհասարակ այս գաթայի մեջ կաթ, մածուն, կարագ, յուղ չի գործածվում: Սրա իմաստ շատ պարզ է` հայոց Ամանորը պաս է:
Ալաշկերտում ողջ խմորն է շաղախվում ընկույզով, չամիչով, կանեփով:
Սասունում Տարի հացը կոչվում էր «Փուռնիկ», -գրում է քսաներորդ դարասկզբի հեղինակներից մեկը: Կաթսայի խմորն, եթե օրն է ուտիք զի Աստվածահայտնության ու Զատիկն ևս կաթա շինելու սովորություն կա,կաթով կը շաղվի իսկ եթե պահքի օր է, որպես Կաղանդինը, մեղրով կշաղվի և կըսվի խորիս կամ խորիսխ: Կաթայի երեսին վրա կը նկարվին տեսակ կենդանիներու ձևեր և շատ անգամ տաճարներու փոսիկներ, որոնց մեջ երեխեք, մանկիկ տղեկներ ցորենի հատիկներ դնելով, կը պարեն և հետո տանիքներու վրա դես ու դեն ձգելով կսպասեն, որ թռչիկներ գան, կտցեն և ուտեն…»:
Տարբեր տեղերում ՏԱՐԻՆ տարբեր օր են կտրում` տարեմտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին` ճրագալուծին, հունվարի 6-ին`Ծննդին: Սասունում Ջավախքում Նոր տարվա արշալույսը բացվե հետ, տանտիկինները «ՏԱՐԻն» դնում էին սկուտեղի մեջ, վրան մեղր ածում, դուրս գալիս տնից, դառնում դեպի արևելք և երեք անգամ ասում. «Դովլաթ, սարն էս, ձորն էս, արի տուն»: Ապա տուն էին մտնում, վրայի մեղրը բոլորին բաժանում, որպեսզի տարին անուշությունով անց կացնեն, իսկ «ՏԱՐԻՆ» պահում` հունվարի 4-ին կտրելու համար: Շիրակում պառավը տարին գրկում էր, տանում երդիկի շուրջը երեք անգամ պտույտ տալիս և այնտեղից գցում քուրսու վրա: ՏԱՐԻՆ կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին հանդին…: ՈՒմ բաժնի միջից դուրս գար այդ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար: Ծիսական հացի միջի նշանը նշանի տերը պահում էր ողջ տարին: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր տարվա առատությունը գութանից, այսինքն` երկրագործությունից կգար: Ոմանք կտրում էին տասներկու մասի և գուշակում, թե տարվա առատությունը կամ բարեբախտությունը ո՞ր ամսից կգա:
Հացից բացի թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև` հմայական խմորեղեններ: Առհասարակ ամանօրյա ուտելիքները ունեին մի քանի միտում, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.
●հմայող-հաջողություն ապահովող
Հմայող-հաջողություն ապահովող ուտելիքներից էին, օրինակ, բոլոր տեսակի հատիկները`ձավարեղենը, ցորենը և այլն, որոնց առատ օգտագործումը նախանական պատկերացումներում պիտի ապահովեր կյանքի հարատևությունը, մշտնջենականությունը: Որոշ պայամնականությամբ այդ շարքին կարելի է դասել նաև խմորեղենը, նոր թխվող հացը, որոնք նպատակ ունեին նաև տարվա առատությունն ապահովելու: Նույն իմաստն ուներ ընդեղենների առատ օգտագործումը: Մրգերի որոշ տեսակներ հայոց մեջ, ինչպես հայտնի է, հատուկ խորհուրդ ունեին: Դրանցից մասնավորապես խնձորն ու նուռը: Խնձորը ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էր, այլև պարտադիր էր այդ օրվա նվիրատվություններում, իսկ երբեմն` գուշակություններում: Օրինակ Պոնտոսի հայերը Տարի հացի փոխարեն տարվա «բախտավորության նշանը» խրում էին խնձորի մեջ: Հաջորդ առավոտյան ընտանիքի անդամների թվով խնձորներ էին դնում սկուտեղի մեջ, այդ թվում` նշանը պարունակող խնձորը, և առաջարկում բոլորին մեկական խնձոր վերցնել` ստուգելու թե ու՞մ է բաժին հասել «բախտի խնձորը»:
Խմորեղենի մեջ ամենագլխավորը «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» և այլ անուններով ծիսական հացն էր: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրատոմսերը, ձևը տարբեր էր: Այն կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, խաչաձև, եռանկյունի, քառակուսի և այլն: Կարող էր զարդարված լինել զանազան
զարդանախշերով, ընկույզով, չամիչով, սերմերով, պտուղներով: Գլխավորն այն է, որ հացի մեջ որևէ նշան էր դրվում` կորիզ կամ լոբի կամ ուլունք, ավելի հաճախ` դրամ: Տարի հացը տարբեր տեղերում տարբեր օր են կտրում` տարեմուտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին` ճրագալույծին, հունվարի 6-ին` ծննդին: Ըստ մատենագիտական նյութերի, հնում «Տարի» հացը բաժանել են 12 մասի` իբրև 12 ամիսների խորհրդանշան: Բաժանել են նաև տան բոլոր անդամների թվին հավասար: Հաճախ բաժին են
հանել նաև տան կենդանիներին, արտին, հանդին: Ում բաժին ընկներ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար:
«Տարի» հացից բացի թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև հմայական խմորեղեններ: Վերջիններից էին, օրինակ, կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները: Թխում էին ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն` արոր, գութան, խնոցի, մկրատ, մատնոց, ուրագ և այլն, որևէ ցանկություն խորհրդանշող պատկեր` քսակ, պայտ, կողպեք, հասկ: Շատ տեղերում թխում էին մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Բասիլ», «Վասիլ»: Սրանք խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա
գեղեցիկին: Մարդակերպ հացիկների աչքերի, բերանի կրծքին դրված ձեռքրի վրա չամիչներ էին դնում: Թխվելու ընթացքում դրանց ուռելը կամ սմքելը դրական կամ բացասական
գուշակություն էր տվյալ տարվա համար: Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց
տոնը և դրանցով «կաղանդում» ջուրը: Նոր տարվա նախորդ գիշերը կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և կաղանդում ` շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (ընդամենը մի պահ) և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:
Թիֆլիսահայերը թխում էին երկու հաց, որոնք կոչվում էին «Էգ» և «Չիք»: «Էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որ ալյուրը շատանա, իսկ «Չիքը» գցում էին հոսող ջուրը, որ չարիքը անցնող ջրի նման չքանա:
Նոր տարվա նախորդ օրն ու գիշերը 10 -12 տարեկան տղաների խմբերը շրջայց էին կատարում համագյուղացիներին: Նրանք երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով` ավետում էին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը: Երգերի
տեքստի միջոցով գովերգում էին ընտանիքի անդամներին, տունը, հղում էին բարեմաղթանքներ և թվում իրենց սպասելիքները տանտերերից: Երբեմն իրենց սպասելիքները արտահայտում էին Գալանտոսի, Հարսի, Նորի անունից, որոնք Նոր տարվա ծիսական կերպարներ էին: Նորը, Հարսը, Գալանտոսը եկել է` լրիվ նոր ու առատ, շալեշապիկով ու կարմիր գոտիկով, եկել է որպես Նոր տարի և համեստորեն համաձայն է «մեկավուճին»: Տանտիկինները կախված տոպրակի մեջ դնում էին մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:
Գուշակությունների համար նաև թխում էին կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները: Գյուղերում թխում էին «եզան պտուկներ», «արոր», «գութան», «խնոցի», քաղաքներում ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն, ինչպես` «մկրատ», «մատնոց», «ուրագ», «քսակ» և այլն: Դրանց թխոլու ձևով գուշակում, կանխատեսում էին այդ խորհրդանիշների իրական կրողների տվյալ տարվա վիճակը: Այսինքն` «հացի հորի» ուռչելը նշանակում էր հացառատ տարի,«խնոցու» ուռչելը` կաթնառատ տարի, «քսակինը» ` դրամառատ տարի և այլն: Նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր մարդ կարող է թխել այն առարկայի խորհրդանիշը, որի վերաբերյալ ուզում է գուշակություն անել:
 
Գուշակություններ անելու նպատակով շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ ընտանիքի անդամների թվի համեմատ, և տան կենդանիների տեսակներից` մեկական /եզան, կովի, ոչխարի և այլն/: Մարդակերպ խմորեղենները Լոռիում կոչվում էին Ասիլ-Բասիլ, Գանձակում` Վասիլ: Մարդակերպ հացիկները պատրաստում էին` աչքերի, բերանի և կրծքին դրած ձեռքերի վրա չամիչներ խրելով: Թխվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար: Օրինակ, եթե կնոջը ներակայացնող խմորեղենի որովայնը թխելիս ուռչում էր` ընտանիքում նոր երեխա պիտի ծնվեր: Թխում էին կլոր, մեջը ծակ խմորեղեններ, որ «կլկալ» էր կոչվում: Կենդանիների, թռչունների անունով թխված խմորեղենները տրվում էին ուտելու հենց այդ կենդանիներին, Նոր տարվա նոր, հոսող ջրում օծելուց հետո: Որոշ խմորեղեններ ունեին միաժամանակ հաջողություն ապահովող և չարը կանխարգելող խորհուրդ: Օրինակ, թիֆլիսահայերը սովորություն ունեին, ի թիվս տոնական այլ խմորեղենների, թխել նաև երկու հաց, որոնցից մեկը կոչվում էր «Էգ», մյուսը` «Չիք»: «Էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «Չիքը» գցում էին հոսող ջուրը, որ չարիքը, «չկան» անցնող ջրի հետ չքանան: Սեբաստիայում Նոր տարուն թխում էին «կայծակի հաց» վստահ, որ այն ուտելուց հետո կայծակնահար չէին լինի: Նույն Սեբաստիայում ամանորյա հացիկներից պահում էին մինչև գարուն և, եթե գարունը չորային էր լինում, երեք անգամ թրջելով կտոր-կտոր թափում էին որևէ այրու երդիկից, որպեսզի անձրև գար: Բութանիայում, Պոլսում այդ օրվա խմորեղեններից պահում էին մինչև Տյառընդառաջ, այդ օրը չորացած հացը կոտրում և ուտում էին, որպես ատամնացավը կանխող միջոց: Չարը կանխարգելու նպատակով ընդեղենը ջարդվում էր միայն դեկտեմբերի վերջին օրվա գիշերը,հունվարի մեկից հետո մինչև Ծննդյան տոները այլևս ջարդել չէր կարելի, այլապես գութանը կվնասվեր: Առհասարակ` հունվարի մեկից մինչև Ծնունդ որևէ բան ջարդելը չարագուշակ նշան էր:
 
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն արևելյան Հայաստանում հայտնի էր նաև «Ճլոլանք» անվամբ. երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ,
գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում: Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Պատրաստում էին ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան, որը կոչվում էր «Ճլոլունք», և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի
հաճախ` խնամիների երթիկից ցած:
Նոր տարվա գիշերը Նոր Նախիջևանցիները վախենում էին «Խոնջոլոզների» և «Առայիմ-թառայիմ» երևալուց: Խոնջոլոզները չարդախներում ապրող էակներ էին, պատռված
հագուստներով, որոնց ծվեններից երկաթե գնդեր էին կախված: Եթե նրանց հաջողվում էր որևէ մեկին բռնել, նստում էին նրա վրա և ճնշում իրենց ծանրության տակ: Առայիմ-
թառայիմները կարող էին մտնել հնոցների ծխնելույզից և դուրս գալ վառարանի դռնից: Սրանք պատկերացվում էին երկաթե երկար եղունգներով, երկար ու սպիտակ մազ-մորուքով և հիշեցնում էին պարսկահայերի «Խլվլիկը»:
Որոշ տեղերում հմայում-հեռացնում էին բոլոր չարիքները: Տան անդամներից մեկը, բարձրանալով տան տանիք, փայտով, կացնով կամ այլ իրով աղմուկ էր բարձրացնում:
Ներքևից մեկը հարցնում էր.
- Ի՞նչ ես անում:
- Ցավ եմ կտրում:
- Ու՞ր պիտի ուղարկես: Վերևինը տալիս էր որևէ հեռու երկրի կամ տեղի անուն, ուր ուղարկվում էր նշված վատ բանը:
Այսպես երկխոսությունը շարունակվում էր այնքան, մինչև տան առկա և հնարավոր դժբախտությունները, կարիքները, չարիքը ուղարկեին, հեռացնեին: Պոնտոսի շրջանում տանտերը մի ձիթենու ճյուղ էր կտրում բերում տուն` իբրև կաղանդի ծառ,
զարդարում կաղիններով ու ընկույզներով, իսկ առավոտյան տանում էր եկեղեցի` քահանային օրհնել տալու:
Ընդհանրապես, Նոր տարվա սեղանին պարտադիր էին 7տեսակ միրգը և 7 ճաշատեսակները:
Տան բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Տան մեծը բարձրացնում էր բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում տնեցիների Նոր տարին և առաջարկում բոլորին` առաջին
բաժակի հետ մեղր համտեսել.
- «Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշվարվենք»:
Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք
«Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա» խոսքերով, վստահ,
որ նետված կաղին-ընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ամբողջ գիշեր տան ճրագը չէր մարում: Ընթրիքից հետո սկսվում էին տոնական այցելությունները:
 
Որոշ տեղերում այդ այցելությունները կատարվում էին առավոտյան: Տան դուռը տոնական օրերին չէր փակվում: Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինի, մեղր և 4 խնձոր, որոնց վրա մեղրամոմ էր վառվում: Մատուցարանը տանելով տան չորս անկյունները, նա ասում էր.
«Անուշ արեք, ովքեր չեք երևում, նորհավոր Նոր տարի»: Ապա դուրս էր գալիս և աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար անցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր է մատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիրում
ճաշակելու հացից ու մեղրից, ասելով` «էսպես քաղցր պառավես»:
Վերջապես մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին և վառված մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում և, ներս մտնելով, երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները:
Երեխաների սիրված խաղերից էին վեգը և ընկուզախաղերը: Գետնին փոքրիկ փոսերեն փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու` ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած
ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք – չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:
Որոշ տեղերում ընկույզից պատրաստում էին «Չարխափաններ»` չարը քշող,
վախեցնող, չքացնող, խափանող: Նախօրոք վերցնում էին 20 – 25 սմ երկարության թելեր, հագուցում` որքան հնարավոր է մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Երբեմն կեղևների մեջ էին լցնում ցորեն կամ այլ մանր հատիկներ: Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապում էին իրար, որն էլ դառնում էր «Չարխափան»: Երբ այն թափահարվում է, շրխկում է: Հենց այդ շրխկոցն էլ «վախեցնում և քշում է չարին»:
Նոր տարվա օջախն առանձնահատուկ էր, երբ նորոգվում էր կրակը, իսկ շատ
տեղերում մի մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ` աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև ծնունդ կրակն անմար մնար: Բոլոր դեպքերում անմար էր պահվում Նոր
տարվա գիշերվա և հաջորդ օրվա` հունվարի 1-ի օջախը: Ավելի ուշ, ծննդյան երեկոյին վերցնում էին այդ քոթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որպեսզի
ապահովեին բերքի առատությունը, կանխեին կորուստը, կարկուտը: