Բացել լրահոսը Փակել լրահոսը
974b593b898c35b325e8208006bb0428.0
A A
Քաղաքականություն

Վիրահատությունից հետո զինվորի առաջին հարցը Շուշիի մասին է եղել

Դիրքեր գնալիս սովորաբար բոլորը միասին են գնում՝ ավտոշարասյունով։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 25-ի հերթափոխին տղաների ճանապարհն այլ է եղել։ 19-ամյա Գոռ Ղազարյանը, ով Շուշիի համար մղվող պայքարում վիրավորում է ստացել, պատմում է, որ այս անգամ իրենց տարել են առանձին-առաձին ու մեկ այլ ճանապարհով․

«Հասանք պոստեր, մեզ ասել էին, որ լարված ա, բայց ոչ մեկս լուրջ չէինք պատկերացնում, թե ինչ կռիվ ա լինելու։ Մինչև ամսի 27-ը գիշերը նկատում էինք, որ հակառակորդը տեխնիկա է բերում, իսկ ամսի 27-ին՝ գիշերը ժամը 4-ին, հայտարարվեց համար 1 ու նկատեցինք, որ դիմացի գյուղի լույսերը, որոնք սովորաբար ամեն գիշեր անջատվում էին, այդ գիշեր վառվում էին․ հասկացանք՝ գյուղը տարհանում են, սկսեցինք պատրաստվել ու սպասել առավոտվա սկսվող կռվին»,-պատմում է նա։

Առավոտյան արդեն հրետանին սկսել է աշխատել, ու ինչպես Գոռն է պատմում, այն աշխատել է պատերազմի բոլոր օրերին՝ անընդհատ։

«Երբ մեր զինամթերքը վերջացավ ու ոչինչ անել չէինք կարող, որովհետև մենք 7-8 հոգի էինք, իսկ մեր պոստ 7-8 տանկ էր եկել՝ ամեն մեկիս համար 1 տանկ, մենք ուղղակի չէինք կարա դրանց դեմ, նահանջեցինք դեպի մոտակա դիրքերը։ Նահանջելով հասել ենք մինչև 3-րդ գծից էլ հետ՝ մեր հրետանու մոտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Գոռը։

Տղաները նահանջելով հասել են «ֆիզուլու խաչմերուկ»՝ մոտ 30 կմ հետ, որտեղ 3 օր հանգստացել են ու տեղափոխվել փոխարինելու Արցախյան հերոս Դավիթ Ղազարյանի զորքին․ «Այդ ժամանակ արդեն «Կամբադ Դավոն» զոհվել էր, բայց պատերազմի հենց սկզբից էլ շատ էինք լսում իր մասին ու իմ համար էս պատերազմում հերոսի կերպար հենց ինքն ա»,- ասում է Գոռը։

Ամսաթվեր Գոռը չի հիշում, միայն հիշում է, որ մոտ 10 օր Հադրութում կռվելուց հետո իրենց տեղափոխել են անտառ, որտեղ ստացել են առաջադրանք ու սպասել հրամանի, սակայն իմացել են, որ Հադրութն ու Մարտունու որոշ հատվածներ հայտնվել են շրջափակման մեջ ու նահանջել։ Այնուհետև եկել են իրենց մոտ ու միասին տեղափոխվել են Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Քարինտակ։

Գոռը պատմում է, որ գիշերները չէին քնում, ամեն րոպե լարվածությունը մեծանում էր․ «Քարինտակում մենք ուժեղ զորք ունեինք, տեղակայվում էինք տարբեր հատվածներում, 5 օր ուժեղ կռիվ էր, սկզբում լավ էր, հետո իրենք մոտեցան ու սկսվեց զենքի կռիվը, բայց մենք չէինք կարողանում դիմակայել, որովհետև իրենք բարձր հատվածում էին ու մեզ տեսնում էին։ Հետո գիշերը հրաման եկավ ու նահանջեցինք դեպի կարմիր տառերով Շուշի գրված հատված, որտեղ էլ 3-րդ օրը վիրավորվեցի»,- «Ա1+»-ին պատմում է 19-ամյա Գոռը։

«Տրաքոց եմ հիշում, ու աջ ոտքս թուլացավ, ընկա, ձեռք տվեցի, զգացի թաց ա ու ուշաթափվեցի։ Աչքերս բացեցի, արդեն վիրակապել էին, ամբողջ գիշեր մնացի, առավոտյան ուզում էին ինձ շտապօգնության մեքենայից տեղափոխել ռազմական մեքենա, էտ մեքենան տրաքացրին, հետո մի կերպ հասանք Ստեփանակերտ»,-ասում է Գոռը։

Նրան Ստեփանակերտում վիրահատել են ու տեղափոխել Երևան, որտեղ մի քանի վիրահատությունից հետո, 3-րդ օրը բացելով աչքերը՝ միայն հարցրել է՝ ինչպես է վիճակը Շուշիում․ «Զգացողություններիս մասին չեմ կարողանում խոսել, բայց ուրիշ տարբերակ երևի չկար»,-ասում է նա։

Մոտ օրերս Գոռը նորից կվիրահատվի, որից հետո կտեղափոխվի վերականգնողական կենտրոն, որտեղ վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու ու սկսելու է քայլել։ Իսկ հիմա անհամբեր սպասում է զույգ եղբոր՝ Գևորգի տուն վերադարձին, ում կյանքում առաջին անգամ այսքան երկար ժամանակ չի տեսել։