Առաջարկում ենք՝ նախագահը Կառավարության կողմից լիազորվի Հայաստանի անունից բանակցություններ վարելու․Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին ամենահրատապը Սյունիքի անվտանգության մարտահրավերն է,-այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը․
«Մեր պարտության արդյունքում իրավիճակ է ստեղծվել, որ Սյունիքի համայնքները, քաղաքները, գյուղերը հայտնվել են անմիջապես Ադրբեջանի տեսադաշտում, բայցի այդ, Սյունիքում այս պահին այսպես կոչված՝ սահմանազատման գործընթացի արդյունքում, Ադրբեջանական զինված ուժերը զբաղեցնում են բարձրադիր դիրքեր և ըստ էության Սյունիքի մարտահրավերը դառնում է օրհասական խնդիր ՀՀ-ի համար»։
Էդմոն Մարուքյանը նաև հավելեց, որ Ադրբեջանը 2021 թվականի իր ռազմական բյուջեով նախատեսում է 250 մլն դոլար ավելի գումար հատկացնել, քան 2020 թվականին․
«Ալիևը պատերազմից հետո բազմիցս նշել է, որ Արցախի հիմնախնդիր այլևս չկա, բայց այդ հայտարարությունից հետո շարունակում է իր ռազմական ծախերը պահպանել, դրան գումարած նաև ավելացնել, սա նշանակում է, որ մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրության է պատրաստվում և դրանից պաշտպանվելու համար մենք պետք է ունենանք նոր ռազամավարություն»։
Մարուքյանը կարծում է՝ Սյունքիի անվտանգության խնդիրը կարելի է լուծել Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելով․
«Արդեն փորձ ունենք մենք, դա Գյումրիի ռազմաբազան է, այն տասնյակ տարիներ ապահովել է այդ տարածքում ՀՀ անվտանգությունը, այս առումով ակնհայտ է, որ ռուս խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Արցախում,ավելի հեշտ կարող են սպասարկվել Սյունքում տեղակայված ռազմաբազայից»։
ԼՀԿ ղեկավարը տեղեկացրեց նաև պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծը պատրաստ է, որը, սակայն պետք է ստեղծվի Կառավարության որոշմամբ․
«Հանձնաժողովը քննելու և փաստեր է հավաքելու պատերազմի նախապատրաստական շրջանի վերաբերյալ, այսինքն՝ ինչ ենք ունեցել պատերազմից առաջ, երկրոդը՝ դիվանագիտական մակարդակում՝ բանակցություններ, քաղաքական պրոցեսներ, ինչպիսին են եղել դրանք, որոնք որ ըստ մեզ բերել են պատերազմի վերսկսմանը։ Հետևաբար՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատերազմական և նախապատերազմական շրջանները՝ մինչև նոյեմեբերի 9-ի ստորագրված փաստաթուղթ և այդ փաստաթղթի ստորագրում»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն առաջարկում է, որ այս փուլում Հանրապետության նախագահը կառավարության կողմից լիազորվի Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ վարելու և ներկայացնելու ՀՀ-ն․
«Մենք ունեցանք ԱՊՀ գագաթնաժողով, որտեղ ՀՀ վարչապտը չէր մասնակցում, իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ վարչապետը այս պահին չի կարող լինել ՀՀ բանակցողը և այդ նա ապացուցեց ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, սակայն Հայաստանը կրակը չի ընկել, որ չլինի ներկայացված նման հարթակներում, նաև այդ պատճառով է, որ մենք ասում ենք՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա»։
Մարուքյանը պնդում է, որ հենց հիմա մինչ արտահերթ ընտրությունները, ՀՀ խորհրդարանի մակարդակում պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ: