Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ն ընդդեմ ՀԾԿՀ–ի գործով դատական նիստ.Ուղիղ (տեսանյութ)

ՀՀ վարչական դատարանում  այսօր կարճ  տեւեց «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննությունը, որով  վիճարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը:

Նախորդ դատական նիստում «Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն  էին ներկայացրել, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Այսօրվա դատական նիստի սկզբում դատավորը հարց  բարձրացրեց հարց այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է կասեցնել սույն գործի քննությունը, քանի որ Սահմանադրական դատարանում  վիճարկվում են «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք հոդվածներ։

 «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչները նշեցին, որ թեև ՍԴ-ում քննվող հարցերը կարևոր են, սակայն կան դատավարական գործողություններ (օրինակ՝ հայցի ապահովման միջնորդությունը), որոնք կարող են իրականացվել մինչև կասեցման հարցին անդրադառնալը։

Դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ կասեցման և հայցի ապահովման միջնորդությունների վերաբերյալ որոշումները կայացնելու համար։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մեկնարկել էր 2025թ հուլիսի 3-ին, երբ Ազգային ժողովն ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքների փոփոխությունների փաթեթը:

Արդեն հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի նկատմամբ վարույթ հարուցեց և ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակեց ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանին: Նոյեմբերի 17-ին հանձնաժողովի որոշմամբ դադարեցվեց «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան:

Գործարար Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք էր բերել 2016-ին։

Ըստ պաշտպանական կողմի՝ օրենսդրական փոփոխություններն արվել են շտապողականությամբ, որպեսզի հնարավոր լինի «վերցնել ՀԷՑ-ը սեփականատերերից» ։ Նրանք շեշտում են, որ ՀԾԿՀ նախագահին տրվել են միանձնյա լիազորություններ, ինչը համարում են հակասահմանադրական ։