Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դե որ  GPS համակարգով ենք որոշելու, այդ համակարգով Արցախը վաղուց Ադրբեջան է ցույց տալիս, թողնեինք դուրս գայինք․ Թաթուլ Հակոբյան (տեսանյութ)

Առաջին անգամ ես հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցա, երբ պաշտոնական Երևանի խոսնակները գյոռբագյոռ էին անում, իսկ Ադրբեջանի զորքերը մոտեցել էին Զանգելանին՝ Նռաձորի հատվածից։ Այսօր առցանց քննարկամն ընթացքում ասում է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։ 

«Երբ հասա Դավիթ Բեկ, հայտնաբերեցի, որ այնտեղ պատերազմ է ընթանում»,-ասում է Հակոբյանը և հավելում․

«Ուղղակի կրակ էր թափվում, ադրբեջանցիները արդեն հասել էին Դավիթ Բեկի դիմացի սարը, խորհրդային ժամանակ հենց այդ սարի վրայով էր անցնում սահմանը։ Ըստ հաղորդագրությունների՝ ադրբեջանցիները մոտենում են նախկին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանին, որը ի դեպ խորհրդային տարիներին չափազանց վիճելի էր»։

Հակոբյանի համար անհասկանալի էր՝ ինչ ասել է GPS համակարգով սահման որոշել․

«Դե որ  GPS համակարգով ենք որոշելու, այդ համակարգով Արցախը վաղուց Ադրբեջան է ցույց տալիս, թողնեինք դուս գայինք, ես մտածում էի, որ իշխանությունը չի կարող լինել այսքան տգետ և անպատասխանատու, բայց պարզվեց կարող է»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հավելում է՝ նախկինում դեպքեր են եղել, որ սահմանների վիճելիության խնդիրը հասել է Մոսկվայի քննարկմանը և Մոսկվան ասել է՝ իրար հետ համաձայնության եկեք, ես ձեր համաձայնությունը կընդունեմ․

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանների նախնական գծման դերերում շատ կարևոր է Միրջաֆար Բաղիրովի դերը, որը հանձնաժողի կազմում էր, ընդհուպ մինչև ինքը դարձավ Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար։ Մենք ունենք հրատարակողներ վերլուծողներ, քարտեզագիրներ, որոնք որոշ սահամանների վերաբերյալ հստակ բաներ գիտեն, առնվազն նրանց հետ պետք է այս աշխատանքը կատարվի, արխիվից բերված նյութերով պետք է այս աշխատանքը կատարվի»։

Խառատյանն ասում է՝ սահմանների խնդիրն, ըստ էության, լուծվում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև․

«Ես չեմ տեսնում Հայաստանի մասնակցությունը, Ղարաբաղի մասնակցությունը, ի՞նչ են լինելու սահմանամերձ բնակչության խնդիրները։ Պետք է փորձել գոնե Ռուսաստանի ներկայացուցչության միջոցով հստակեցնել խնդիրները։ Քանի դեռ նոր է իրավիճակը, քանի դեռ ռեալ սպառնալիք է, որ այդ տարածքների բնակիչները հաստատ չեն վերադառնալու, չի բացառվում երրորդ երկրի կողմից այս տարածքներ բերվող հնարավոր այլ  բնակչություն, այլ աշխարհայացքով, այլ վարքով, այլ նպատակներով և այլն, այս պահին սահմանների խնդիը պետք է հետաձգել մինչև լուծումը»։

Ազգագրագետը պնդում է՝ սահմանը առաջին հերթին անվտագնության խնդիր է։

Առցանց քննարկմանը մասնակցող Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասում է՝ մեր սահմանների բաժանումը, իր ունեցած տեղեկություններով, տեղի է ունենում սահմանների նկարագրությամբ․

«21-րդ դարում կոորդինատային համակարգեր կան, որոնք պետք է օգտագործենք»,-նշում է նա։