Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ պարտված իշխանությունն այլևս չի կարող լինել իշխանություն. ես համաձայն չեմ․ Արփի Դավոյան (տեսանյութ)

Ռազմական դրությունը չչեղարկելու բազմաթիվ լուրջ փաստարկներ կան,-պնդում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, բազմաթիվ գործողություններ, որոք պետք է արվեն սահմանային իրավիճակը հարթեցնելու և կանոնակարգելու համար, հետևաբար՝ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չէ և չունի քաղաքական որևէ նպատակ։ Ռազմական դրության պահպանումը քաղաքական ենթատեքստ չունի»։

Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականի պահանջին, Դավոյանն ասում է՝ չի կարծում, որ Կառավարությունը պետք հրաժարական տա, իսկ վարչապետը հեռանա։

«Վարչաետի հրաժարականը չի կարող ինքնանպատակ լինել»։

Դավոյանը կարծում է՝ հանրային դժգոհություն չկա, կան կուսակցությունների կողմից ուղղորդված տրամադրություններ։ «Կան մարդիկ, ովքեր ասում են,որ պարտված իշխանությունն այլևս չի կարող լինել իշխանություն, ես համաձայն չեմ, իշխանությունն ունի անելիք, պետք է շարունակի այս գործընթացը այնքան ժամանակ, մինչև կարողանա ավարտին հասցնել այդ գործընթացը»։

Պատգամավորը պնդում է՝ իրենցից որևէ մեկը չի պատրաստվում պատասխանատվությունից խուսափել։ Հիշեցնում է, որ խաղաղություն հաստատելու բոլոր գործողությունները ձեռնարկվել են, բայց ռազմական գործողությունները ընթացել են այլ ճանապարհով, ինչը նշանակում է, որ Գլխավոր շտաբի տված ինֆորմացիան հաշվի առնվել է։

Լրագրողներից մեկի հարցին, թե հողեր հանձնելուց հետո իշխանությունն ինչպե՞ս է նայելու ժողովրդի աչքերին, Դավոյանն ասում է՝ հողերը ոչ մեկ չի հանձնել:

Ես շատ հանգիստ փողոց եմ դուրս գալիս,-ասում է Արփի Դավոյանը` պնդելով, որ պատերազմ է տեղի ունեցել, և բոլորն էլ, այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչները ունեն կորուստներ:

«Ասել՝ հողերը հանձնել եք, հողերեը ծախել եք, դավաճան եք, սխալ եմ համարում, պատերազմ է տեղի ունեցել»,- նշեց Դավոյանը։

Անդրադառնալով Բերձորի հետ կապված հարցին՝ այն մնալու է հայկական կողմի վերահսկողության տակ, թե հանձնվելու է Ադրբեջանին, պատգամավորը նշեց.

«Ըստ համաձայնագրի` 5 կիլոմետր տարածքը պետք է հսկվի խաղաղապահների կողմից, իսկ հիմա դեռ կատարվում է սահմանների ճշգրտում: Մենք ունենք քաղաքացիների, բնակիչների անվտանգության խնդիր, սահմանների ճշգրտումից հետո բոլոր հարցերը կկարգավորվեն: Այս պահին որևէ մեկը որևէ բան չի կարող երաշխավորել, որովհետև տեղի են ունենում գործողություններ և բանակցություններ, իսկ սահմանները կարող են ճշգրտվել մեկ ամսից ավելի ժամանակահատվածում»: