Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուշքի եկող Ստեփանակերտը. հացի խնդիր, վերադարձողներ, պարաններին՝ լվացք (տեսանյութ)

Պատերազմի սկսվելուց 50, իսկ հրադադարի հաստատումից 5 օր անց Ստեփանակերտը  սկսեց շնչել։ Լուսացույցները սկսեցին աշխատել, շենքերում սկսեցին լույսեր վառվել, փողոցներում զինվորականներից բացի արդեն կարելի էր հանդիպել  քաղաքացիական հագուստով մարդկանց։ 

Քանդված շենքեր, մեքենաներ, թալանված խանութներ, բայց նաեւ  դրանք մաքրող մարդիկ։  Խանութների գերակշիռ մասն, այնուամենայնիվ, մնում է փակ։

Հաց գտնելը դարձել է անհնար, մի քանի փուռ է աշխատում, որոնք հացը չեն վաճառում՝ ասելով՝ բանակի համար է։   Քաղաքի կենտրոնում գործող եզակի բաց խանութում  եթե հաց ես կարողանում գտնել, ապա գինը գրեթե կրկնակի թանկացել է։  Ինչպես կարող են փուռերը չաշխատել,- զարմանում է հաց փնտրող 74-ամյա մի տղամարդ։

 Ստեփանակերտցիները երրորդ օրն է վերադառնում են, բայց քիչ չեն մարդիկ, որ հեռացել են՝  վախենալով, եթե Քարվաճառի ճանապարհն էլ փակվի, ինչպես Լաչինինը, կհայտնվեն շրջափակման մեջ։  

Արցախում կա հեռախոսակապի եւ ինտերնետի խնդիր։  Մեկին զանգահարելը շահումի պես բան է,- կատակում են։ 

Ստեփանակերտի քաղաքապետարանում շարունակում են օգնություն բաժանել։ Ամբողջ պատերազմի ընթացքում Ստեփանակերտը չլքած  64-ամյա մի կին ասում է՝ ստիպված եկել է, իր բառերով, պայոկի ետեւից։ Ասում է՝  թոշակը չի ստացել, նեղրստում է՝  տային, թոռներին ինչ պետք է  կառներ, հիմա եկել է ձեթի ու բրնձի ետեւից։  Ուրախ է խաղաղության հաստատմամբ՝ թոռներն են եկել Երեւանից, բայց տղան դեռ  ծառայության մեջ  է։  Ու ուրախությունն էլ էլ այնպիսին չէ, ինչպես մինչ պատերազմը․ կուզենար նորից առանց կոմունալ հարմարությունների տանն ապրեր, բայց պատերազմ չլիներ։ Ութ ամիս առաջ վերջապես նրան բնակարան են տրամադրել։

Ստեփանակերտի Աստուածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում զինվորականները մոմեր են վառում։  Տաճարից ոչ հեռու աղավնաբուն է։  Վագոն-տնակի տերն ասում է՝  աղավնիներն  իրենը չեն, եկեղեցունն են, պարզապես  եկել ու  բնավորվել են իր տնակի գլխին։

Մանրամասները՝ տեսանյութում