Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սուրենն ինձ իր վրա ընկած ասկոլկան էր բերել․ 20-ամյա Սերինեի հուշերն առաջնագծից (տեսանյութ)

Սեպտեմբերի 30-ի առավոտյան 20-ամյա Սերինեն արթնացել է սովորականից անաղմուկ, վերցրել իրերն ու դուրս եկել տնից:

Առաջին անգամ Արցախ էր մեկնում, բայց ոչ թե Արցախը տեսնելու, այլ առաջնագծում կամավորական աշխատանք կատարելու համար։

Որոշումը Սերինեին հեշտ չի տրվել, մտածել է, երկմտել, բայց մնացել հաստատակամ․

«Երբ տիկին Աիդան զանգեց, ասաց ՝ Սերինե ջան, ժամը 9-ին գնում ենք, մի պահ սառեցի, հետո հասկացա, որ որոշումը ես եմ կայացրել»:

Որոշումը կայացնելուց հետո մնում էր խոսել ընտանիքի անդամների հետ։ Քրոջ ու եղբոր հետ կիսվել է, լուրջ չեն վերաբերվել, իսկ ծնողներին չի ասել, որովհետև վստահ է եղել՝ թույլ չեն տա․

«Տանը քույրիկիս ու եղբորս ասել էի՝ գիտեք կամավոր եմ գրվել, իրանք ինձ ասացին՝ քեզ չեն տանի Սերինե, հանգստացի, դու ոչ մեկին այնտեղ պետք չես»։

Մեկնելու  օրն արդեն Սերինեն միայն քրոջ է հետ է զրուցել, հակառակ նրա հորդորներին՝  ճանապարհ է ընկել, ընտանիքի անդամների հեռախոսահամարներն էլ արգելափակել է, որ ստիպված չլինի խաբել։

Արցախ հասնելու ճանապարհը երկար էր, Սերինեն հիշում է՝ ոչնչի մասին պարզապես չի մտածել, իսկ այնտեղ հասնելուց հետո նրան սպասվում էր առաջին փորձությունը․

«Ամենաառաջին պահը, որ մտածեցի միգուցե չկարողանամ, այն պահն էր, երբ բրոնոժիլետ էինք հագնում, ես մտածեցի, որ չեմ կարողանա դա հագնել, բայց մարդ ամեն ինչ կարա անի, ուղղակի պետքա իրա մեջ որոշում կայացնի»։

Հետո պատերազմի առաջին շունչն է զգացել, երբ ռմբակոծությունների ձայները շատ մոտ են եղել, վախեցել է, չի թաքցնում․

«Երբ Ստեփանակերտից գնացինք այնտեղ, որտեղ պիտի գնայինք, ճանապարհին նախ ռմբակոծում էին ու առաջին անգամ, երբ մեքենան կանգնեցրին ու ասացին՝ պետք է իջնենք, ես չկողմնորոշվեցի, թռա ու բերանքսիվայր ընկա գետնին»։

Առաջնագծում Սերինեն 20 օր շարունակ եղել տղաների կողքին, նրանց առաջին բուժօգնություն ցույց տվել, թեյ ու սուրճ պատրաստել։

Վերադարձի մասին մտածել է միայն, երբ արդեն մութ է եղել, ինքն էլ միայնակ իր մտքերի հետ։

Հիշում է՝ ամեն երկու օրը մեկ տղաները հերթափոխվում էին, և ամեն հերթափոխի հետ իրենք ներքևում շունչները պահած սպասում էին, վերադարձող տղաներին ներկա-բացակա անում։

20 օրերի ընթացքում դիրքերում էլ է հասցրել լինել, գնալուց դեղեր ու քաղցրավենիք է տարել, ինչքան կարողացել է տեղավորել  ծանր բաճկոնի գրպաններում։

Երկրորդ անգամ դիրքեր բարձրացել է առաջին անգամ հայտարարված հրադադարի հենց առաջին օրը, բայց հրադադար չի տեսել։

Սերինեն առաջնագծի տղաներից ոչ սովորական նվերներ էլ է ստացել, դրանք այսօր սրտի թրթիռով է պահում․

«Երեխեքից մեկը՝ Սուրենը, երբ իր զինվորական գրքույկը տվել էր, որ պահեմ, երկրորդ օրը, երբ իջան դրա դիմաց ինձ իր վրա ընկած ասկոլկան էր բերել, ես այդ ասկոլկան պահել եմ, որ դրանից զարդ սարքեմ»։

20-ամյա կամավորի համար վերադարձի ճանապարհը  դժվար չի  եղել, ասում է՝ ուրախ էին, նույն կազմով էին վերադառնում, բացականեր չկային։

Հիմա էլ է մտածում գնալու մասին, բայց դե ընտանիքն արդեն զգոն է, փախչել չի կարող։