Սամվել Ալեքսանյանին կտուգանե՞ն
Աջակցիր «Ա1+»-ին
Այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կկայացնի որոշում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության փաստի առթիվ հարուցված վարույթի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ԶԼՄ հրապարակումների, դիտանցումների արդյունքում պարզել էր, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած եւ իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է` անբարեխիղճ մրցակցության դրսեւորում են:
Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» արտադրած «Զելյոնայա Մետկա», «Ռոդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆֆ», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքանշանները կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտներին սեփականության իրավունքով պատկանող եւ նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ:
Առայժմ փորձաքննության եզրակացությունը պատրաստ չէ: Երբ պատրաստ լինի եզրակացությունը, հանձնաժողովի մասնագետները կվերլուծեն եւ որոշում կկայացնեն:
Խախտման արձանագրման դեպքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, կտուգանվի 500 հազար դրամով: Եթե խախտումը կրկնվել է մեկ տարվա ընթացքում, ապա ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, տուգանվում է 1 մլն դրամ: