Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 25-ը սեպտեմբերի․ Ժողովուրդն անցնում է գրոհի՝ տապալելով խորհրդարանի երկաթյա ճաղերը (տեսանյութ)

1996-ի սեպտեմբերի 25-ին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում վիճարկում է երեք օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, որի հաղթող է ճանաչվել գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մի քանի տասնյակ հազար սպասում է, թե ինչպես է Մանուկյանը իրականացնում պայքարը։ «Այս օրով ամեն ինչ որոշվելու է, այս օրով էլ կվերջանա»,-ասում է Վազգեն Մանուկյանը։

Նա հայտարարում է, որ միասին գնում ենք Ազգային Ժողով ում տեղակայված ԿԸՀ՝ պահանջելու արդյունքների վերանայում։ Դեպքերի հետագա զարգացումը կանխորոշում է Մանուկյանի մի նախադասությունը: Արդեն Ազգային Ժողով մտած Մանուկյանը 20-30 րոպեից դուրս չի գալիս։ Ժողովուրդն անցնում է գրոհի՝ տապալելով խորհրդարանի երկաթյա ճաղերը։

Օրվա տուժողների մեծ մասը իշխանությունից է։

Հարձակման թիրախ են դառնում խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն ու նրա տեղակալ Արա Սահակյանը։ Հնչում են կրակոցներ։ Հայտարարվում է արտակարգ դրություն։

Նույն օրերին Երեւանի մարզահամերգային համալիրում ընթանում է շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան ։ Երեւանում են համաշխարհային շախմատի առաջին դեմքերը, ՖԻԴԵ-ի նախագահը, արտասահմանյան լրատվամիջոցների հարյուրից ավելի ներկայացուցիչներ, որոնք մարզական իրադարձությանը զուգահեռ լուսաբանում են անհանգիստ Հայաստանը։

Հաջորդ օրն արդեն ընդդիմության առաջնորդը Արշակ Սադոյանի եւ մի քանիսի հետ անցնում է ընդհատակ։

Ազգային Ժողովում են ընդդիմության ներկայացուցիչներ Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը եւ Ռուբեն Հակոբյանը։ Նրանց վիճակը հուսալի չէ։ Խորհրդարան են եկել արդեն բռնության հետքերով։ Խորհրդարան է ներկայացել նաեւ նախորդ օրը բռնության ենթարկված Բաբկեն Արարքցյանը։ Իշխանության պատգամավորների բռնության թիրախում են հիմնականում Շավարշ Քոչարյանը եւ Պարույր Հայրիկյանը։

1997-ի սեպտեմբերի 25-ին հայ լրագրողների հետ է հանդիպում հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Վերջին անգամ նա ասուլիս էր տվել 1992-ին։ Այս ասուլիսում նախագահն ասում է պատմական խոսքեր՝ լավ չես ապրելու Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Նախագահը մարգարեանում է պատասխանելով նաեւ այն հարցին, թե հնարավո՞ր է երրորդ անգամ առաջադրվի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանը օպերատիվորեն հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը սեպ է խրում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի միջեւ ։ Մանուկյանին լրագրողները հիշեցնում են, որ ինքն է Տեր-Պետրոսյանին ներգրավել «Ղարաբաղ» կոմիտե:

1997-ի այս օրն Ազգային Ժողովում ամփոփում են Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զանգվածային դժգոհությունների եւ բռնությունների պատճառ դարձած նախագահի ընտրությունների մեկ տարին։ Ոչ ոք լավ չի զգում, որ բանը հասավ կեղծիքներին եւ բռնություններին:

2001-ի սեպտեմբերի 25-ին Հայաստանում սպասում են Հռոմի Պապ, 81-ամյա Հովհաննես Պողոս 2-րդին։ Եվ թեպետ Պապին ուղեկցելու են նրա անձնական երկու բժիշկները, այստեղ նրան նախ սպասում են հայ բժիշկները։ Այն տարածքներում, որտեղ Պապը ոտք կդնի, տեղի բուժանձնակազմը կանցնի շուրջօրյա աշխատանքի: Հայաստան է ժամանում Սրբազան քահանայապետ, Վատիկանի առաջնորդ, Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս Երկրորդը; Սա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան եւ Հովհաննես Պողոս 2-դի 96-րդ այցելությունը աշխարհի երկրներ։ Այս այցը քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների առիթով է։

Հենց օդանավակայանում կարդացվում են ողջույնի պաշտոնական խոսքերը; 2001-ի սեպտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանը Հռոմի Պապին ընդունում է Բաղրամյան-26-ում ։ Փոքր-ինչ ուշ նրանց է միանում նաեւ կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Այնուհետեւ նախագահը Պապի հետ է ծանոթացնում իր ընտանիքին, փոքր որդին սեղմում է Պապի ձեռքը, դուստրը համբուրում է այն։ Նույն

օրը Պապն այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ։ Ավտոմեքենան նրան հնարավորինս մոտեցնում է Ցեղասպանության զոհերի հուշարձանին, որտեղ ծաղկեպսակ դնելուց հետո Պապն աղոթք է կարդում զոհերի հիշատակին այդպես էլ չասելով նվիրական «Ցեղասպանություն» բառը։ Այստեղ ներկաների համար անսպասելի իր հռչակավոր «Ավե Մարիան» է երգում Շառլ Ազնավուրը։

Սեպտեմբերի 26-ին Պապը Մայր Աթոռում մասնակցում է պատարագի։ Իսկ օրվա երկրորդ կեսին այցելում է Խոր Վիրապ։ 2007-ի սեպտեմբերի 25-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է իր հայտնի արտահայտություններից մեկը՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ։ Այնուհետեւ Քոչարյանն ասում է, որ ստիպված է լինելու շատ եւ շատ բաներ հիշեցնել առաջին նախագահին՝ թե քանի լուսավորված փողոց է եղել Երեւանում օրինակ 96 թվին։