Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի ավանդական, բայց ոչ միշտ հուսալի դաշնակիցն է. Զեկույց (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամը հրապարակել է վերլուծաբան Փոլ Սթրոնսկու ՛՛There Goes the Neighborhood: The Limits of Russian Integration in Eurasia՛՛ վերնագրով զեկույցը հետխորհդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին

Ռուսաստանի հավակնությունները եվրասիական տարածաշրջանում և վարած կոշտ քաղաքականությունը հանգեցնում են տարածաշրջանային անկայունությանը, ասված է Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու հրապարակած վերջին զեկույցում հետխորհդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին: Այս ջանքերն էլ ավելի ուժեղացան 2014 թվականին Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի զավթողական գորոծողություններից հետո: Որդեգրելով ՛՛մենք՛՛ ընդդեմ ՛՛նրանց՛՛ մոտեցումը՝ Ռուսաստանը փորձում է հստակ սահմանագիծ քաշել իր ազդեցության գոտու երկայնքով և խափանել հետխորհդային երկրների մերձեցումը Արևմուտքի հետ:

Այս քաղաքականությունը նոր երևույթ չէ, ասված է զեկույցում: Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն զիջեց իր դիրքերը Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, սակայն 1991 թվականից ի վեր անմիջապես ձեռնամուխ եղավ իր ազդեցության գոտիների վերականգնմանը: Դրա մասին են վկայում Մոսկվայի մի շարք նախաձեռնություններ, ներառյալ ԱՊՀ-ի ստեղծումը, Միութենական պայմանագրի կնքումը, Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի ձևավորումն ու այլ նախաձեռնություններ: Այս ուղղությամբ Մոսկվան օգտագործում էր նաև տարածաշրջանային հակամարտությունները:

Ռոսաստանի այս հավակնությունները մտահոգություն են առաջացնում հետխորհրդային շատ երկրներում: Ռուսական նեոիմպերիալիզմի նկատմամբ վախը դարձել է Եվրասիայում անվտանգության միջավայրի գնահատման գերիշխող խնդիր: Ուկրաինայի ու այլ հետխորհրդային երկրների հանդեպ ագրեսիան և կոշտ քաղաքականությունը ցուցադրում է, թե որքան հեռու կարող է գնալ Մոսկվան անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անտեսման հարցում:

Ռուսաստանի երկար տարիների դաշնակից Հայաստանը, օրինակ, այսօր որոշակի վերապահումներ ունի Մոսկվայի հուսալի դաշնակից լինելու հարցում, նշված է զեկույցում: Այս միտումը հատկապես սրվեց թավշյա հեղափոխությունից հետո: 2018 թ. ապրիլյան զարգացումների ընթացքում Մոսկվան ակտիվ միջամտություն չցուցաբերեց՝ ճիշտ հաշվարկելով, ըստ զեկույցի, որ ունի բավարար լծակներ՝ Երևանի՝ ռուսամետ ուղեգիծը պահպանելու համար: Հեղափոխությունն այդպես էլ չկարգավորեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, ներառյալ էներգակիրների մատակարարման հարցը: Ռուսաստանը շարունակում է ստիպել հայկական կողմին վճարել գազի դիմաց նախահամավարակային գներով, որոնք ավելի թանկ են, քան այսօր շուկայում առկա գինը: Դա ստիպում է Երևանին փորձել դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներկրումը՝ երկխոսություն ծավալելով չինական ընկերությունների, Իրանի ու Վրաստանի հետ:

Զեկույցում մատնանշված հայ-ռոսական այլ խնդիրների շարքում են ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, Ռուսաստանի նկատմամբ աճող անվստահությունը Հայաստանի բնակչության շրջանում` կապված ապրիլյան պատերազմի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության և ռուսական տնտեսական քաղաքականության հետ: Դրա հետ մեկտեղ, զեկույցն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու Հայաստանի հակառակորդ Թուրքիայի դիրքորոշումը սահմանափակում են Երևանի ընտրությունն անվտանգության հարցում՝ ստիպելով ամուր հարաբերություններ պահպանել իր ՛՛ավանդական, բայց ոչ միշտ հուսալի դաշնակցի ու պաշտպանի հետ՛՛:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի սահմանափակ տնտեսական ռեսուրսները, մեղմ քաղաքական գծի բացակայությունը, տարածաշրջանում այլ տերությունների ներգրավվածությունը, ինչպես նաև հետխորհրդային երկրների հասարակություններում ընթացող փոփոխությունները լուրջ խոչընդոտներ են ռուսական այս հավակնությունների ճանապարհին: Այն մնում է անկանխատեսելի և ագրեսիվ երկիր Եվրասիայում, նշում է զեկույցը, ուստի հետխորդային երկները պետք է ուշադիր կշռադատեն իրենց քայլերն ու զգոշորեն զարգացնեն իրենց կապերը Արևմուտքի հետ: Ռուսաստանը նման քայլը դիտարկում է որպես իր շահերի սպառնալիք:

ԱՄՆ պետք է շարունակի ներգրավվել Եվրասիայում: Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում Վաշինգտոնն ունի ավելի մեծ շահեր և ազդեցություն: Զեկույցի հեղինակի կարծիքով Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան շարունակում են մնալ առաջնահերթություններ, սակայն անհրաժեշտ է օգնել Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարությանը` իր քաղաքական և տնտեսական բարեփոխումներն իրականացնելու հարցում: Այս օգնության տրամադրումը պետք է իրականացվի առանց ակնկալիքի, որ Երևանը կվտանգի իր հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունն ու անվտանգության մարտահրավերները: Ադրբեջանի ու Հայաստանի հետ զուգահեռ գործակցությունը կօգնի Արևմուտքին ավելի արդյունավետ կերպով նպաստել այս հակամարտության կարգավորմանը: Զեկույցը խորհուրդ է տալիս ամերիկյան կողմին հետխորհրդային երկրների հարցում հաշվի առնել ոչ միայն Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության գործոնն, այլև այդ երկրների խոցելի ու թույլ լինելու հանգամանքը: