Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 26-ը օգոստոսի․Նաիրի Հունանյանը չի ընդունում, որ պատգամավորներին ինքը պատանդ է վերցրել (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում կթանկանա էլեկտրաէներգիան։ Նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին խոսք չկա։ Մինչդեռ սակագինը բարձրանում է 22 տոկոսով։ Էներգետիկ հանձնաժողովի նախագահ Մովսիսյանը 1997-ի օգոստոսի 26-ին ավետում է, որ մինչեւ մյուս տարվա ապրիլ ամիսը սակագինը չի բարձրանա։

1998-ի այս օրը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի անդամ Վովա Հախվերդյանը հրաժարական է ներկայացնում։ Հանձնաժողովը կողմ է քվեարկում առանց հարցնելու, թե ինչն է հրաժարականի պատճառը:

1998-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է Հայաստանում գտնվող Վրաստանի, Ադրբեջանի եւ Հարավային Օսիայի լրագրողների հետ։ Ադրբեջանցի լրագրողին հետաքրքրում է՝ ինչու՞ է Քոչարյանը հրաժարվել մեկնել Բաքու: Այս հանդիպմանը Քոչարյանի եւ լրագրողների հիմնական թեման ղարաբաղն էր։ Նախագահն ասում է, որ նրանք ինքնուրույն կյանքի իրավունք ունեն։ Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվում է՝ կարո՞ղ է Ղարաբաղն ապրել առանց բանակի:

2000 թվականի այս օրերին աղմուկի առիթ է դարձել «Հայհամակարգիչ» ընկերության որակյալ ինտերնետային կապը, որը«Միր» միջպետական ընկերության արբանյակային կապն օգտագործելում է Ռոստելեկոմի հետ կնքած պայմանագրի շնորհիվ։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պահանջում է օրինականացնել այդ պայմանագիրը։ Հայաստանում ինտերնետ կապի մենաշնորh ունեցող «Արմենթելը» բացատրություն է պահանջում։ Ինտերնետ ապահովող մյուս ընկերություններ հայտնի են խաղի կանոնները՝ «Արմենթելի մենաշնորհն օրենք է»:

Ընդդիմադիր մի քանի գործիչ 2000 թվականի օգոստոսի այս օրերից ավելի քան երեք ամիս առաջ դիմել էին դատախազությունը քրեական գործ հարուցելու Ռոբերտ Քոչարյանի եւ Ալվինա Զաքարյանի նկատմամբ։

1998-ի նախագահի ընտրություններից առաջ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը 10 տարվա Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ էր տրամադրել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս դառնա նախագահ։ Մինչդեռ վերջին 10 տարում Ռոբերտ Քոչարյանը չի եղել Հայաստանի քաղաքացի։ Դատախազությունը նրանց մերժել էր 96 օր հետո:

Հայաստանից Ամերիկա մեկնել ցանկացողների թիվն ավելանում է ամեն օր։ 2000 թվականի օգոստոսի 26-ին այս մասին հայտարարում է Ամերիկայի դեսպանատունը, որը դիմումների ընդունման նոր կարգ է մշակել։ Դրանցից մեկն, օրինակ, այն է, որ 6 ամսվա ընթացքում երկու անգամ մերժված դիմորդը երրորդ անգամ չի կարող դիմել հաջորդ 6 ամսում։

Սոցիալիստամետ ուժերից կազմված դաշինքը 2000 թվականի այս օրը քաղաքական թեժ աշուն է խոստանում։ Նրանք մարզից մարզ են այցելում, որպեսզի ստանան ժողովրդի աջակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

2001-ի օգոստոսի 26-ի դատի ժամանակ Նաիրի Հունանյանը չի ընդունում, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարանի պատգամավորներին ինքը պատանդ է վերցրել։ Պատանդներին ազատ արձակելու համար սովորաբար ինչ-որ բան են պահանջում, իսկ ինքը ոչ մեկից ոչինչ չի պահանջել։ Ավելին, ըստ Հունանյանի, ոմանք նույնիսկ չէին ցանկանում լքել դահլիճը, տեսնելու, թե ինչ է լինում վերջը։ Րոպեավճարի ներդրումից երկու օր առաջ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովն ու կառավարությունն ընդունում են, որ դա աղետալի կլինի ժողովրդի համար։

Րոպեավճարի կիրառման դեպքում հայ երիտասարդները 2001-ի այս օրը կառավարությանն սպառնում են համահայկական դասադուլով։ Նրանք պահանջում են դադարեցնել րոպեավճարի կիրառումը:

2008-ի օգոստոսի 25-ի իրիկունը դանակահարված ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը պատմում է, թե հատկապես ինչու է դանակահարվել։ «Մի անծանոթ մարդ էր, անցնում էր` հայհոյելով Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նստացույցի մասնակիցներին: Ես ուղղակի իրեն ասացի` այստեղ կանայք կան ու երեխաներ, մի հայհոյեք: Նա մոտեցավ ինձ ու նույն հայհոյանքները իմ հասցեին ասաց: Ուզում էի պատասխանել, դանակը հանեց, ես թեւս բարձրացրի [որ պաշտպանվեմ], մտավ թեւիս մեջ», -պատմեց Դավիթը: