Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Տնտեսական անկումն անխուսափելի է. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանը առաջարկում է շրջանառության մեջ դնել աջակցության 23 և 24-րդ միջոցառումները։

Աջակցության 23-րդ միջոցառումը վերաբերում է  զբոսաշրջային և դրան առնչվող ոլորտներին՝ հանրային սննդի, կացության։

«Այս ընթացքը հատկապես ուղղված է աշխատատեղերի պահպանմանը։ Խրախուսելու ենք այն կազմակերպություններին, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը, պահել են աշխատողների 70 տոկոսը։ Այս դեպքում կտրամադրվի փոխհատուցում յուրաքանչյուր երրորդ աշխատակցի աշխատավարձի կամ երեսուներեք տոկոսի աջակցություն։ Իսկ ով չի պահել աշխատակիցների կազմի յոթանասուն տոկոսը, կստանան չորրորդ աշխատողի աշխատավարձի չափով կամ քսանհինգ տոկոսի փոխհատուցում»,-ասում է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հավելում է՝ աջակցություն կտրվի այն կազմակերպություններին ևս, որոնք այս պահին ունեն երկու, սակայն եկող ամսվա ընթացքում կունենան երեք և ավելի աշխատակից։ Աջակցությունը ունի 2 սահմանափակում.  չեն օգտվի այն կազմակերպությունները, որոնց 2019-ի վերջին վերադարձվել է ԱԱՀ-ն, սակայն 2020 թ-ի մարտից կրճատել են աշխատակիցներին։ Երկրորդ սահմանափակումը վերաբերում է կարգապահության հարցին՝ հաշվի է առնվում գործընկեր կազմակերպության  հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը.

«Այս կերպ ստացվում է, որ միջոցառման իրագործման ընթացքում աջակցություն է տրվում շուրջ 23 հազար աշխատակցի»։

Առաջարկվող հաջորդ՝ 24-րդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին։ Մինչ այս, աջակցության ծրագրերով՝ արտոնյալ պայմաններով տրվել է 100 միլիարդ դրամի սուբսիդավորում.

«Տրված աջակցությունը ներառում է ոչ միայն անտոկոս վարկեր, այլև առաջարկվում են նաև դրամաշնորհներ։ Ընդհանուր միջոցառումների կտրվածքով գրեթե առանց ոլորտային սահմանափակման մասնավոր հատվածին տրվել է 66 միլիարդ դրամի վարկավորում։ Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին՝ ուղղված 847 կազմակերպության տրվել է 9,3 միլիարդ դրամի վարկ արտոնյալ պայմաններով»։

Միջոցառման շրջանակներում առանցքային է գինեգործություն ու խաղողագործությունը։ Այն նպատակ ունի նախապատրաստել կազմակերպություններին և ձեռներեցներին, որպեսզի խաղողի սեզոնին ընդառաջ խնդիրների առաջ չկանգնեն։

Ի դեպ,  չնայած աջակցության ծրագրերին՝ տնտեսական անկումն անխուսափելի է.

«Տնտեսական անկումը կվերականգնվի հաջորդ տարի։ Նախորդ տարվա համեմատ նախնական հաշվարկված՝ կունենանք 5 տոկոս ՀՆԱ-ի անկում»։