Այսօր Եվրոպայում կմեկնարկի ֆուտբոլի յուրահատուկ մարաթոն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր և վաղը կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլից հետաձգված հանդիպումները, իսկ օգոստոսի 7-ին և 8-ին տեղի կունենան արդեն չեմպիոնների լիգայի նույն փուլից մնացած չորս խաղերը: Մեկ օր ընդմիջումից հետո կմեկնարկեն քառորդ եզրափակիչ խաղերը, ապա միանգամից կկայանան կիսաեզրափակիչները: Օգոստոսի 21-ին և օգոստոսի 23-ին տեղի կունենան արդեն եզրափակիչները:
Այդպիսով, 19 օրվա ընթացքում կանցկացվի 26 հանդիպում: Եվրոպական ֆուտբոլի օգոստոսյան այս մարաթոնը պայմանավորված է կորոնավիրուսի հետ, քանի որ դրա պատճառով են մարտ ամսին հետաձգվել բոլոր այդ խաղերը:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի գավաթի համար պայքար մղում են 16 թիմ: Դրանց թվում է նաև Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալական ակումբը վաղը կհանդիպի իսպանական «Սևիլյայի» հետ: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» խաղի հաղթողի հետ:
Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակում են 12 թիմ, քանի որ դրանից չորսն արդեն մտել են քառորդ եզրափակիչ: Առաջիկա հանդիպումներից հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» և «Բարսելոնա» - «Նապոլի» հակամարտությունները:
Ավաղ, չեմպիոնների և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներն անցնելու են առանց հանդիսականների, ինչը կամա թե ակամա անդրադառնում է ֆուտբոլիստների խաղի վրա: Հուսանք, որ թիմերը կհաղթահարեն հոգեբանական այդ խնդիրը և կցուցադրեն իրենց ողջ կարողությունները:
Առաջիկա չորս օրվա խաղերը
5 օգոստոսի
«Կոպենհագեն» - «Բաշակշեխիր»
«Շախտյոր» (Դոնեցկ) - «Վոլֆսբուրգ»
«Ինտեր» (Միլան) - «Խետաֆե»
«Մանչեսթեր Յունայթեդ» - ԼԱՍԿ «Լինց»
6 օգոստոսի
«Բայեր» - «Ռեյնջերս»
«Սևիլյա» - «Ռոմա»
«Բազել» - «Այնտրախթ»
«Վուլվերհեմփթոն» - «Օլիմպիակոս»
7 օգոստոսի
«Յուվենթուս» - «Լիոն»
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»
8 օգոստոսի
«Բավարիա» - «Չելսի»
«Բարսելոնա» - «Նապոլի»