Կեղծ դրական պատասխանի հավանականություն ևս կա, կրկնավարակի դեպքերը մասսայական լինել չեն կարող․ համաճարակաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի նվազման որոշակի միտումը պայմանավորված է հասարակության վարքագծային որոշ փոփոխություններով՝ մարդիկ ավելի շատ դրսում են, մաքուր օդին ավելի շատ ժամանակ են անցկացնում, ինչը բերում է թվերի նվազման։
«Ա1+»-ի հետ զրույցում նման պնդում արեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ճգնաժամը կարծես թե հաղթահարվում է։
Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը չի կարծում, որ կարելի է խոսել համաճարակի ճգնաժամի հաղթահարման մասին, ավելին՝ կարծում է, որ աշնանը կլինի դեպքերի ավելացում։ Երկրորդ ալիքի վերաբերյալ պնդումներին ի պատասխան, մասնագետն ասում է՝ երկրորդ ալիքի մասին պետք է խոսել այն ժամանակ , երբ առաջին ալիքը գրեթե հաղթահարված կլինի․
«Մեզ մոտ հարյուրներով դեպքեր են գրանցվում այն դեպքերում, երբ թեստավորման ծավալները փոքր են, ուստի այստեղ խոսել երկրոդ ալիքի մասին անհիմն է, որովհետև մենք առաջին ալիքի մարում չենք տեսել»։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե դիմակների համատարած կրումն է հանգեցրել թվերի նվազման, մասնագետն ասում է՝ բացօթյա տարածքներում դիմակների կրումը էական նշանակություն չունի համաճարակի զսպան առումով, մինչդեռ մարդիկ ազատվում են դիմակներից փակ տարածքներում, որտեղ վարակվելու հավանականությունը մեծ է։
Համաճարակաբանն անդրադարձավ նաև կրկնավարակի դեպքերին։ Նշեց, որ կրկնավարակի հետ կապված որևէ ստույգ տվյալի չի հանդիպել․
«Հաշի առնելով, որ թեստավորման գործընթացը մարդկային գործոնի հետ է կապված՝ կեղծ դրական պատասխան ունենալու հավանականություն ևս լինում է, ինչպես նաև մինչ այս արձանագրված կրկնավարակի դեպքերում առաջինը եղել է ասիմտոմ, երկրորդի դեպքում նոր պացինետը որոշակի սիմտոմներ է ունեցել, այսինքն՝ այստեղ կարելի է ենթադրել, որ առաջին պատասխանը հնարավոր է կեղծ դրական է եղել»։
Համաճարակաբանը համոզված է՝ կրկնավարակի դեպքերը կարող են հազվադեպ լինել, դրանք մասսայական բնույթ կրել չեն կարող․
«Որքան հասցրել եմ հետազոտել, առնվազն երեք ամսվա իմ դիտարկումները ցույց են տալիս, որ հակամարմինները, երբ սկսում են առաջանալ, դրանք առնվազն երեք ամիս շարունակում են աճել, ուստի, իմ կարծիքով, առնվազն մեկ տարի մարդը կարող է պահպանել հումորալ իմունիտետը»։