Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dinamo kiev
A A
Սպորտ

Ինչո՞ւ են Կիևի «Դինամոյի» վետերանները հայտնվել շոկի մեջ

Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչները պարզապես շոկ են ապրում այն բանից հետո, երբ ակումբի սեփականատերերը՝ Սուրկիս եղբայրները, թիմի գլխավոր մարզիչ են նշանակել ռումինացի Միրչա Լուչեսկուին:

Դինամոյականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Օլեգ Բլոխինն այս կապակցությամբ ասել է:

«Լուչեսկուին «Դինամո» հրավիրելը՝ դա նշանակում է թքես ինքդ քեզ վրա: Մարդ, որը 12 տարի աշխատել է «Շախտյորում», անընդհատ վատ բաներ է ասել «Դինամոյի», Լոբանովսկու հասցեին: Երբ իմացա, մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Իմ համար շատ վիրավորական է այդ նշանակումը», - ասել է 1975թ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը:

«Դինամոյի» ևս մեկ աստղային վետերան, 1986թ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Իգոր Բելանովը, նույնպես  դեմ է ռումինացի մասնագետի նշանակմանը:

«Միթե «Դինամոյում» այլևս չի գործում «չհրավիրել, չհամագործակցել, չընդունել գլխավոր հակառակորդի ֆուտբոլիստներին ու մարզչիներին» սկզբունքը: 2018 թվականին Երևանում կայացած աշխարհի և Եվրոպայի վետերանների հավաքականների խաղի ժամանակ բուլղարացի Խրիստո Ստոիչկովը ցուցադրաբար չսեղմեց պորտուգալացի Լուիշ Ֆիգուի ձեռքը, քանի որ նա ժամանակին լքել էր իրեն հարազատ «Բարսելոնան»: Ակումբային նվիրվածությունը ֆուտբոլի չգրված օրենքներից է: Ցավոք, «Դինամոյի» ղեկավարությունն այս անգամ չմտածված քայլ է արել, որը բորբոքել է դինամոյական հասարակայնությանը», - մեկնաբանել է անվանի ֆուտբոլիստը:

Կիևյան ակումբի ամենատարեց վետերան, 80-ամյա Յոժեֆ Սաբոն, այդ որոշումն որակել է մեծ սկանդալ:

«Ես չեմ հասկանում, ինչի՞ համար է Լուչեսկուն եկել «Դինամո» կամ ինչո՞ւ են նրան հրավիրել: 75 տարեկանում ստեղծել նոր թիմ, այնքան էլ իրատեսական չէ: Ես զարմացած եմ, թե Սուրկիսներն ինչու են նման գործարքի գնացել», - նշել է նախկին ֆուտբոլիստը:

Միրչա Լուչեսկուի նշանակումը զայրացրել է նաև դինամոյականների հավատարիմ երկրպագուներին: Նրանք անվստահություն են հայտնել «Դինամոյի» սեփականատերերին, իսկ ակումբի բոլոր աշխատակիցներին հորդորել են ազատման դիմում գրել: Թիմի ֆաները մտադիր են բողոքի ակցիաներ անցկացնել:

Հավելենք, որ Միրչա Լուչեսկուն 2004-2016թթ եղել է Կիևի «Դինամոյի» գլխավոր հակառակորդի՝ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը, որի հետ նվաճել է 22 տիտղոս, այդ թվում 8 չեմպիոնական կոչում և ՈՒԵՖԱ-ի գավաթ: