Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 23.07.
A A
Սպորտ

«Ռոման» կրկնել է 85 տարվա վաղեմության ռեկորդը. Մխիթարյանը չի մասնակցել (տեսանյութ)

Հռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախել է մրցաշարի ետնապահ ՍՊԱԼ-ին:

Ինչպես նշում է Forza Roma կայքը, սա երկրորդ դեպքն է, որ հռոմեացի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում խփում են 6 գոլ: Վերջին անգամ «Ռոման» հյուրընկալվելիս նման խոշոր հաշվով հաղթանակ տարել էր 85 տարի առաջ, 1935 թվականին, «Ալեսանդրիայի» նկատմամբ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ «Ռոման» կարող է կրկնել կամ թարմացնել ևս մեկ ռեկորդ: Ընթացիկ մրցաշրջանում հռոմեական ակումբը մրցակցի դաշտում խաղալիս խփել է 29 գնդակ: Այդ ցուցանիշով ներկայիս «Ռոման» զբաղեցնում է 3-րդ տեղը: «Կարմրադեղինները» իրենց չեմպիոնական վերջին մրցաշրջանում՝ 2000-2001թթ, հյուրընկալվելիս մրցակիցների դարպասն ուղարկել են 33 գնդակ: Մրցաշրջան-2015/16-ում «Ռոման» արտագնա 19 հանդիպումներում խփել է 30 գոլ:

Ընթացիկ մրցաշրջանում հռոմեացիները դեռ երկու արտագնա խաղ ունեն: Հուլիսի 29-ին նրանք Թուրինում կհանդիպեն տեղի «Տորինոյի» հետ, իսկ օգոստոսի 2-ին նույն քաղաքում կհյուրընկալվեն «Յուվենթուսին»:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել ՍՊԱԼ - «Ռոմա» հանդիպմանը, չնայած հայտավորված է եղել պահեստայինների թվում: