Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Հայփոստում» պարզել են՝ 19 տարի ծանրոցներն ուղարկվել են այլ փաթեթների անվան տակ (տեսանյութ)

«Հայփոստ»-ում պարզել են՝ 19 տարի ծանրոցներ ուղարկվել են փաստաթղթային առաքանիների անվան տակ

«Նույն ապրանքը ուղարկել եմ  ուրբաթ օրը, շաբաթ օրը և ունեմ ուղարկեու նույնը այսօր, ուրբաթ օրը ուղարկածս փոքր փաթեթը կազմել է 190 դրամ, շաբաթ օրը՝ 1280 դրամ, այսօրվա դրությամբ մինիմալ արժեքը սկսվում է 300 դրամից»։

Տպագրությամբ և օնլայն առևտրով զբաղվող «Խոսող շապիկներ» ընկերության  տնօրեն  Ռոբերտ Մուրադյանը մտահոգված է՝ «Հայփոստում»-ում նոր փոփոխություններ են եղել, որի հետեւանքով  դեպի մարզեր առաքումների համար ստիպված է կրկնապատիկ վճարել։

«Հայփոստում» ասում են՝  գնացուցակի փոփոխություն չի եղել։ Պարզապես ահազանգից հետո ուսումնասիրություն են արել եւ հայտնաբերել խախտումներ։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնեց ընկերության Հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանը։

 Ըստ նրա՝  տարիներ շարունակ ծանրոցները ձևակերպվել և ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի դիմաց փոստի ծառայություններից օգտվողները վճարել են անհամեմատ ավելի էժան․

«Նախկինում սահմանված է եղել մեկ կիլոգրամի համր 1260 դրամ սակագին, ավելի փոքր քաշ ունեցող ապրանքների համար նույնպես սահամանված է եղել նույն գինը։ Հասկացել ենք՝ չի կարելի, որ մարդը 500 դրամանոց ապրանքի համար վճարի նույն գինը, որն ինքը վճարում է 1 կգ-ի համար, մեր թիմը մշակել է հատուկ սակագնային պլան, որով արդեն ապրանքային ներդիրով ծանրոցների համար սահմանվել  են սանդղակներ»։

Այսօրվանից ուժի մեջ մտած այս նոր սանդղակը, սակայն, օնլայն առևտրով զբաղվող ընկերության ներկայացուցիչներին չի գոհացնում։ Ռոբերտի խոսքով՝ արտակարգ դրությունից հետո փոստային առաքման անհրաժեշտությունն էլ ավելի մեծացավ, մինչդեռ, այսուհետ ստիպված են սեփական ապրանքը գնորդին հասցնել շատ ավելի թանկ գնով։ Նրա հաշվարկով ՝ ապրանքը կթանկանա 5-10 տոկոսով։

 «Հիմա պետք է արդեն կամ գինը բարձրացնենք, կամ հաճախորդներին խնդրենք ավել վճարել, այսինքն՝ այսպես, թե այնպես տուժում է մարզի բնակիչը»։

Նման խնդրի է բախվել նաև «Բիգ պստիկ» ընկերությունը։ Խաղալիքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանն ասաց՝ դեպի մարզեր և Արցախ առաքումները դադարեցրել են, քանի որ գնորդի համար լրացուցիչ բեռի ավելացումը ենթադրում է նաև ապրանքի վաճառքի անկում․

 «Մարզերի բնակչության, ինչպես նաև արտադրողների համար այս փոփոխությունն էական է լինելու»։

Ե՛վ Դավիթը, և  Ռոբերտը չբացառեցին, որ կհրաժարվեն օգտվել «Հայփոստի» ծառայություններից և կփնտրեն այլընտրանք։

«Հայփոստ» ընկերության ներկայացուցիչ Նանա Գնդոյանը  դժգոհող օնլան բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է օտվել կորպորատիվ փաթեթներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված այս փաթեթները ավելի մատչելի են,ասում է Գնդոյանն ու հավելում՝ սակագները մշակելիս ուսումնասիրել են տարածաշրջանում առկա սակագները, սահմանել դրանցից մոտ 40 տոկոսով պակաս գին։

Ի դեպ,   մեր հարցին, թե խախտումների դեպքով իրավական գործընթացներ լինելո՞ւ են, «Հայփոստի»  ներկայացուցիչը նշեց՝ եթե կարիք լինի, չեն խուսափի հարցը իրավական դաշտում լուծել։