Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xosacac xaxer
A A
Սպորտ

ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը նվիրված է եղել պայմանավորված խաղերին

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այդմասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Օրակարգում էր պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումը «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ մասնավորապես նշելով հետևյալը.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի հետ վերջին 1 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել՝ ուղղված պայմանավորված խաղերի բացահայտման գործընթացին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ավելի են ակտիվացել: Դրանց ավելի համակարգված բնույթ հաղորդելու համար ս.թ. ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե):

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած մեր հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց մարզական աշխարհում և, մասնավորապես, ֆուտբոլում քրեական ենթամշակույթի, կոռուպցիան արմատախիլ անելու, ֆուտբոլն ապաքրեականացնելու անհրաժեշտությունը: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել ՀՀ վարչապետի կողմից բարձրացված խնդրի իրականացմանը և մեր կողմից որդեգրված քաղաքականությանը, աշխատելու ենք այնքան մինչև հասնենք պայմանավորված խաղերի իսպառ վերացմանը»:

 

Այնուհետև ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Ներկայացվեցին ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի, բուքմեյքերական ընկերությունների և բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ  զբաղվող արտասահմանյան գործակալությունների և այլ գործընկերությունների կողմից տրամադրված փաստերը և տեղեկությունները:

Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվեցին ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն ստացան ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն:

Կայացան քննարկումներ, հնչեցին բազմաթիվ հարցեր և պատասխաններ, որից հետո առկա փաստերի հիման վրա ՀՖՖ գործկոմը կայացրեց 2 միաձայն որոշում.

1.Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո» և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

Եզրափակելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ այս գործողությունները ՀՖՖ կողմից նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են Բարձրագույն և Առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքագրվում են նյութեր և փաստեր: