Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff kargapahakan
A A
Սպորտ

Հայկական ֆուտբոլ. որակազրկված խաղացողներ, դժգոհ մարզիչ, հայհոյող երկրպագուներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Կարգապահական կոմիտեի որոշմամբ մեկական խաղով որակազրկվել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Տիագո Կոելյո Անդրադեն, «Նոայի» խաղացող Յուրի Գարեգինյանը: Նրանք բաց կթողեն առաջիկա հանդիպումները: Ֆուտբոլիստների ակումբները տուգանվել են 30 հազարական դրամով:

 

«Արարատ-Արմենիան» 20 հազար տուգանք կվճարի ՀՖՖ-ին այն բանի համար, որ թիմի դարպասապահների մարզիչ Արմեն Ավագյանը «Շիրակի» հետ հանդիպումից հետո մտել է խաղադաշտ և մրցավարի երկրորդ օգնականին հայտնել իր դժգոհությունը մրցավարության վերաբերյալ: 

 

Իսկ ահա «Նոա» ակումբը նույնքան գումարով տուգանվել է «Լոռի ՖԱ» թիմի երկրպագուների կողմից մրցավարների և մրցակցի ֆուտբոլիստների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: «Լոռի ՖԱ» թիմը հովանավորող «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն տուգանվել է 50.000 դրամով՝ «Նոայի» հետ խաղում թիմի երկրպագուների կողմից մրցավարների և մրցակցի  ֆուտբոլիստների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար:

 

Երևանի «Արարատը» 20 հազար դրամով տուգանվել է այն բանի համար, որ «Ալաշկերտի» հետ տնային խաղին ոստիկանության ներկայացուցիչն ուշացումով է ժամանել նախախաղային խորհրդակցությանը, իսկ դարպասապահը չի ունեցել պահեստային մարզաշապիկ: