«Արարատ» - «Նոա»՝ 0:0. Հայաստանի առաջնության հանդիպում առանց հայ ֆուտբոլիստների
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը: Առաջին խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»:
Արարատցիները չնայած խաղի հենց սկզբում թվային առավելություն ստացան (13-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց հյուրերի պաշտպան Ալան Տատաևը), սակայն այդպես էլ չկարողացան այն վերածել նյութականի և գոլ խփել: «Նոան» հիմնականում վտանգավոր հակագրոհում էր, սակայն դրանցից ոչ մեկը նպատակին չհասավ: Այդպիսով, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
Ի դեպ, երկու թիմերը հանդիպմանը ներկայացան առանց հայ ֆուտբոլիստների, ինչը նոր ռեկորդ (միգուցե՝ հակառեկորդ) է Հայաստանի անկախ առաջնության համար: Ավաղ, մեր առաջնությունում օտարերկրացի խաղացողների համար գործող սահմանափակումը չի գործում խաղադաշտում: Այն միայն սահմանում է արտասահմանցի ֆուտբոլիստների առավելագույն քանակը, իսկ խաղի ժամանակ ոչ մի սահմանափակում չկա, ինչպես ընդունված է բոլոր երկրների առաջնություններում:
Ինչևէ, «Նոան» վաստակելով 35 միավոր, բարձրացավ 2-րդ հորիզոնական: Թիմն այժմ երեք միավորով է ետ մնում առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայից»: «Արարատը» վաստակած 32 միավորով այժմ 5-6-րդ տեղերը բաժանում է «Շիրակի» հետ, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:
Տուրի մյուս հանդիպումները կկայանան վաղը՝ հունիսի 8-ին: