Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ԲԽ առաջնության առաջատարները սայթաքեցին սեփական դաշտում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 19-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Նախ Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Նոայի» հետ, չնայած ընթացքում երկու անգամ էլ առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերին պարտությունից փրկեց Վլադիմիր Ազարովը, որը 71-րդ րոպեին խփեց երկրորդ պատասխան գոլը:

Երկրորդ խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ չկարողացավ հաղթել եզրափակիչ փուլի հետնապահ «Շիրակին»: Ռուդիկ Մկրտչյանն արդեն 8-րդ րոպեին գրավեց դաշտի տերերի դարպասը և առաջ մղեց հյուրերին: Հանդիպման 37-րդ րոպեին աչքի ընկավ արարատցիների նորեկ, ուկրաինացի կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն: Դրանից հետո թիմերին չհաջողվեց գրավել դարպասները և գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

Այդպիսով, մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփխություն չկատարվեց: «Արարատ-Արմնեիան» 37 միավորով գլխավորում է այն: «Լոռի ՖԱ»-ն 33 միավորով ընթանում է 2-րդ տեղում: «Նոան» վաստակած միավորներով (31) հավասարվեց «Ալաշկերտին» ու «Արարատին», որոնք վաղը հանդիպելու են իրար հետ: «Շիրակը» վաստակած 29 միավորով եզրափակում է առաջին վեցյակը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է բարձրագույն խմբի առաջնության երկրորդ փուլը: Առաջին վեց թիմերը կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ վերջին երեքը կվիճարկեն 7-9-րդ տեղերը: