Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Գրիգորյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ընտրությունների երկրորդ փուլից արդեն պարզ էր, որ գնալու են համագործակցության․ քաղաքագետը՝ Արցախում նշանակումների մասին

Արցախի Հանրապետությունում կատարվող քաղաքական նշանակումների և քաղաքականության վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։


Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կասեք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կատարած նշանակումների վերաբեյալ։

Նշանակումների մեջ երկու տենդենց կարելի է նկատել։ Կարևոր պաշտոնների նշանակվում են այն մարդիկ, որոնք նախընտրական շրջանում ակտիվորեն աջակցել են Արայիկ Հարությունյանին, մասնավորապես՝ Կամո Աղաջանյանը, ով նշանակվեց ԱԱԾ պետ, աշխատել էր Արայիկ Հարությունյանի օգտին։ Ոստիկանապետ Հակոբջանյանի եղբայրը՝ Արման Հակոբջանյանը, Արայիկ Հարությունյանի հիմնադրամներից մեկի՝ «Արարիչ» հիմնադրամի համահիմնադիրներից է, որը ևս աշխատում էր Հարությունյանի օգտին։ Այսինքն՝ քաղաքական նշանակումներ էին։ Այն մարդիկ, որոնք իրենց լավ էին դրսևորել նախընտրական շրջանում, ստացել են կարևոր պաշտոններ։ «Արարիչ» հիմնադրամն ընտրություններից մոտ մեկ տարի առաջ զբաղվում էր հիմնականում Արայիկ Հարությունյանի քարոզչությամբ․ տարբեր ծրագրեր էր իրականացնում, ուսանողներին տանում էին ռուսաստանյան, հայաստանյան տարբեր հանգստյան քաղաքներ, այսինքն՝ նախընտրական  գործունեությամբ էին զբաղվում։ Այդ հիմնադրամի մեկ այլ համահիմնադիրը՝ Կարեն Սարգսյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի որդին է, նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։ Այսինքն՝ այս տիպի նշանակումներն առաջին խումբն են։ Երկրորդ խումբն էլ այն է, երբ ընդդիմադիր գործիչներին առաջարկում են տարբեր պաշտոններ կամ այլ արտոնություններ, որ նրանք այլևս ընդդիմադիր գործունեությամբ չզբաղվեն։ Եվ, իհարկե, այստեղ խոսքը վերաբերում է Սամվել Բաբայանին և Մասիս Մայիլյանին։ Նրանց նշանակումների մասին խոսակցությունները վաղուց էին գնում, այսինքն՝ ընտրությունների երկրորդ փուլից սկսած արդեն գրեթե բոլորի համար պարզ էր, որ գնալու են համագործակցության ճանապարհով։ Եվ այսօր փաստորեն պաշտոնապես հայտարարվեց դրա մասին։ 


Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում, ձեր կուսակցությունն ինչպե՞ս է իրեն դրսևորելու որպես արտախոհրդարանական ընդդիմություն։ 

Փորձելու ենք ուժեղացնել կուսակցական տարբեր բջիջներ, կուսակցական կառույցներ, փորձելու ենք տարբեր միջոցառումներ կազմակերպել տարբեր առիթներով, միգուցե նույնիսկ բողոքի ակցիաներ և այլն։ Այսինքն՝ կուսակցության գործունեությունը որևէ կերպ չի փոխվելու․ խորհրդարանը պարզապես ևս մեկ ամբիոն էր, որը որ օգտագործվում էր։ Հիմա չկա այդ ամբիոնը, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու կուսակցության գործունեության մեջ։ 

Խորհրդարան ընդդիմության մասով ի՞նչ կասեք։ Դաշնակցությունը, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի կամ թեկուզ Սամվել Բաբայանի գլխավոր քաղաքական ուժերը կարո՞ղ են ընդդիմություն լինել։ 

Դե Սամվել Բաբայանի գլխավորած ուժի մասին կոռեկտ չէ խոսել որպես ընդդիմության, որովհետև նրանք արդեն կառավարության մաս են։ Հարությունյանի կառավարության մեջ Բաբայանի կուսակցությունից լինելու են նաև այլ նախարարներ, այսինքն՝ զուտ քաղաքագիտորեն սխալ է նրանց մասին խոսել որպես ընդդիմության։ Ֆորմալ առումով Ձեր նշած ուժերին կարելի է ընդդիմադիր համարել թե՛ Վիտալի Բալասանյանի կուսակցությանը, թե՛ Դաշնակցությանը, թե՛ Արցախի «Ժողովրդավարական» կուսակցությանը, սակայն, չգիտեմ, թե ինչ որակի ընդդիմություն նրանցից կլինի։ Իսկ Վիտալի Բալասանյանի քաղաքական ուժի դեպքում տեսնում ենք, որ նրանք ավելի շատ հակված են երևանյան որոշ շրջանակների, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նախկին իշխանությունների շահերը ներկայացնել, և ոչ թե արցախյան հասարակության շահերը։ Ինչ վերաբերում է Աշոտ Ղուլյանին․ Ղուլյանը միգուցե չի ունենալու նախարարական պորտֆելներ, բայց, այնուամենայնիվ, լինելով այս համակարգի մաս և երկար տարիներ լինելով Արայիկ Հարությունյանի կոալիցիոն գործընկերը, կարծում եմ՝ դժվար է ակնկալել որևէ ակտիվ ընդդիմադիր գործունեություն։ Միգուցե ինչ-որ մանր-մունր հարցերում կարող են իրենց տեսակետն արտահայտել, բայց, ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ նրանց ևս կարելի է ընդդիմադիր ուժ համարել։ Դաշնակցությունը. 2-3 օր առաջ հարցազրույց էր տվել իրենց ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, և նշում էր, որ կառուցողական ընդդիմություն են լինելու։ Այսինքն՝ եթե ինչ-որ որոշումներով կողմ լինեն, աջակցելու են կառավարությանը, եթե ոչ, կքննադատեն։ Սա, կարծում եմ, ևս բավականին կեղծ օրակարգ է։ «Կառուցողական ընդդիմություն» կոչվածը փաստորեն կարող է գոյություն ունենալ միայն մեր պես չկայացած քաղաքական համակարգեր ունեցող և քաղաքագիտորեն տհաս հասարակություններում, որովհետև անհասկանալի եզրույթ է «կառուցողական ընդդիմությունը»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերով հայտարարեց  ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ ԱՀ  արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանին վերանշանակելու մասին։

Նախագահական ընտրությունների ժամանակ Մայիլյանը երկրորդ փուլ անցած, ձայների թվով երկրորդ տեղը գրաված թեկնածուն էր, իսկ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը՝ խորհրդարան անցած երկրորդ ուժը։