Բացել լրահոսը Փակել լրահոսը
88888888888888888888888888888
A A
Մշակույթ Պաշտոնական

Հնարավորություն՝ առցանց վայելելու կենդանի կատարմամբ համերգներ

Գրեթե երկու ամիս դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները վերսկսում են ‹‹համերգային գործունեությունը››: Համերգաշարը, որը կմեկներկի այս ուրբաթ՝ մայիսի 29-ին, կոչվում է ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ››: Ֆիլհարմոնիկի երաժիշտները երեքից ութ հոգանոց կամերային անսամբլներով կներկայացնեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հակիրճ կպատմեն ներկայացվող ստեղծագործությունների, կոմպոզիտորների մասին, կլինեն հետաքրքիր հյուրեր և յուրահատուկ անակնկալներ: ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ›› համերգաշարը կհեռարձակվի առցանց՝ Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջով (ANPO/ArmenianNationalPhilharmonicOrchestra): Իսկ հիմա ամենահետաքրքիրը՝ ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ››-ի յուրաքանչյուր հեռարձակումից առաջ կլինեն մրցույթներ, որոնց երեք հաղթողները բացառիկ հնարավորություն կստանան Արամ Խաչատրյան համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հունիսի 1-ին,Հանրային հեռուստաընկերության եթերով, ուղիղ միացմամբՀԱՖՆ-ի երաժիշտները կներկայացնեն Սերգեյ Պրոկոֆևի ‹‹Պետյան և Գայլը››սիմֆոնիկ հեքիաթը:Հեքիաթասացըսիրված դերասան Հրանտ Թոխատյանն է: Սիմֆոնիկ հեքիաթը փոխադրվել է փոքր կամերային կազմի համար և կներկայացվի ֆիլհարմոնիկի յոթ երաժիշտների կողմից:

Այժմ ՀԱՖՆ ՖԲ-յան էջում կարող եք դիտել նաև հետաքրքիր մի ծրագիր, որը շատ սիրվեց մեր լսարանի կողմից: Այն կրում է ‹‹Մենամարտ արվեստում›› խորագիրը: Տեսանյութի մասնակիցները քննարկում են երաժշտության և գրականության բախումների, միմյանց լրացնելու և հակասությունների մասին: Մոցարտի ‹‹Ռեքվիեմ››-ի շուրջ  ‹‹մենամարտել›› են արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և ՀԱՖՆ ջութակահար Արամ Ասատրյանը, ‹‹մենամարտեր›› են սպասվում ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանի և ՀԱՖՆ ջութակահար Արտաշես Մելիքյանի, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Գայանե Հակոբյաի և ՀԱՖՆ ֆլեյտահար Արման Աբրահամյանի ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և ՀԱՖՆ ֆլեյտահար Նարեկ Ավագյանի միջիև: Զրուցակիցների հետ դեռ կճամփորդենք վեռլենյան ծովով, Հարրի Փոթերի մոգական աշխարհով ու կհասնենք մեր օրեր։

ՀԱՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշում է, որ երաժիշտներին այլևս հնարավոր չէ անգործ վիճակում պահել: Բոլորը ցանկանում են նվագել, աշխատել իրենց կոլեգաների հետ: Պարետատունը մեզ թույլատրել է տասհոգանոց փորձեր անցկացնել և մենք որոշեցինք մեկնարկել ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ›› ծրագիրը: Ամենայն մանրամասնությամբ պահպանում ենք պարետատան սահմանած բորլոր կանոնները: Ջերմաչափում է անցնում համերգասրահ մտնող յուրաքանչյուր անձ: Համերգասրահի մուտքի մոտ առկա են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող նյութեր: Տարածքը պարբերաբար ախտահանվում է, փորձերին ներկա երաժիշտների թիվը չի հասնում նույնիսկ թույլատրելի տաս անձը: Ընդհանրապես, ողջ օրվա ընթացքում, Արամ Խաչատրյան համերգասրահ են մտնում խիստ սահմանափակ թվով մարդիկ:

ՀԱՖՆ գեղարվեստակ ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ամենամեծ մտահոգությունն այս օրերին նվագախմբի մարզավիճակն է: Նրան անհանգստացնում է այն փաստը, որ մոտ հարյուր անձից բաղկացած պրոֆեսիոնալ նվագախումբն առանց ամենօրյա լուրջ փորձերի կորցնում է կատարողական այն բարձր մակարդակը, որին հասել են տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա մեծ հույսեր ունի, որ մոտ ապագայում ՀԱՖՆ-ը թույլտվություն կստանա վերսկսել նվագախմբի գոնե քառասունից հիսուն հոգանոց փորձերը՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները: