Բացել լրահոսը Փակել լրահոսը
երեմ սարգսյան
A A
Հասարակություն

Ինչ է տեղի ունեցել բժշկական կենտրոնում․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը մանրամասնեց (տեսանյութ)

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են բոլոր հիմքերը, հիմնավորումները, որոնց համաձայն, փաստաբանի խոսքով, պետք է անհապաղ ազատ արձակվի Գագիկ Խաչատրյանը։ 

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը։

Փաստաբանը նշեց, որ այսօր դատարան են ներկայացրել փաստաթուղթ, որը հաստատում է Խաչատրյանի մոտ ավելի բացասական դինամիկայով ողնաշարի ստենոզ, որի հիման վրա անհրաժեշտ է բուժում, վիրահատական միջամտություն։ Սարգսյանը նշեց, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի (Խաչատրյանի բուժման կուրսերն այնտեղ են անցնում - հեղ․) բժիշկներն ասում են, որ պարտադիր պետք է վիրահատություն լինի, որը Հայաստանում հնարավոր չէ (բուժումը հնարավոր է Գերմանիայի Համբուրգ քաղաքում), իսկ դրանից առաջ պետք է թերապևտիկ, վերականգնողական բուժումներ իրականացվեն։

Խոսելով երեկվա միջադեպի մասին՝ պաշտպանը նշեց, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկի ուղեկցությամբ ներակայացել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ Գագիկ Խաչատրյանի տեղափոխելու համար։ Ըստ Սարգսյանի՝ հիշյալ ԱՆ աշխատակիցները փորձել են Խաչատրյանին տեղափոխել ՊՈԱԿ-ի բժշկի որոշման հիման վրա։

Նրա խոսքերով՝ երբ բժիշկները հասկացան, որ Խաչատրյանի բուժումն ընդհատվում է, բայց չի տեղափոխվում բուժման, հարց բարձրացվեց․ «Արդյո՞ք դուք պահանջում եք, որ մենք դուրս գրենք», ինչից հետո անհասկանալի բաներ եղան, ՔԿՀ բժիշկն անհետացավ։ «Որից հետո ես գրավոր հարցում կատարեցի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հարցնելով, թե «արդյո՞ք դուրս գրվել է, թե՞ ոչ», և գրավոր պատասխան ստացա հետևյալ բովանդակությամբ՝ որ «Գագիկ Խաչատրյանի դուրսգրման հարցը պարզելու համար իրենք հարցում են ուղարկել Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի այնտեղից ստանան պատասխան՝ «դուրս գրվի՞, թե՞ ոչ»։ Եվ դրանից հետո միայն այդ հարցը կարող է որոշվել»»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ պատասխանի մեջ նշված էր 18։30-ի դրությամբ Խաչատրյանի՝ դուրս չգրված լինելու հանգամանքը։

Բացի այս, ըստ Երեմ Սարգսյանի, առկա է գրություն, որով ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկը դիմել է «Աստղիկ» ԲԿ-ին՝ առաջարկելով սեղմ ժամկետում Խաչատրյանի ստացիոնար բուժումը դադարեցնել՝ նրան ՔԿՀ տեղեփոխելու համար։ 

«Որը մենք դիտարկեցինք որպես ճնշում քաղաքացիական հիվանդանոցի վրա։ Համապասխան գրությամբ հայտնեցինք ՊՈԱԿ-ի տնօրենին և պահանջեցինք, որպեսզի զերծ մնան ճնշումներից»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս դեպքն ավելի վաղ պատմություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է Խաչատրյանի բուժմանը, փաստաբանը նշեց, որ Հայաստանում բուժման անհնարինությունը հաստատել է նաև Առողջապահության նախարարը՝ ընդորում հիմնվելով կոնսիլիումի մասնագետների որոշումների և եզրակացության վրա։ 

Գագիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդու՝ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ հարցերին փաստաբանը չպատասխանեց։ 

Մանրամասները՝ տեսանյութում