Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess prognoz
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը լավ է խաղում Հիկարու Նակամուրայի հետ. Եվգենի Տոմաշևսկի

Ռուսաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոն Եվգենի Տոմաշևսկին այս օրերին առցանց անցկացվող շախմատի խոշոր մրցաշարում գլխավոր ֆավորիտ է համարում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին:

 «Խմբային փուլը վստահ հաղթահարեցին Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Դին Լիժենն ու Վեսլի Սոն: Մնացածը, այդ թվում Մագնուս Կառլսենը, միայն վերջում կարողացան լուծել փլեյ-օֆֆ մտնելու հարցը: Յու Յանյին ու Դանիլ Դուբովն իսկական սպորտային հերոսություն արեցին, քանի որ երկուսն էլ թույլ մեկնարկ ունեցան: Ցավալին այն է, որ 50 տոկոսանոց արդյունք ունեցող Ալեքսանդր Գրիշչուկը լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց պայքարից: 

Փլեյ-օֆֆում գլխավոր ֆավորիտը Մագնուս Կառլսենն է, որը նման դեպքերում շատ փորձարկումներ չի անում և խաղում է միմիայն արդյունք համար: Նրա մրցակից Վեսլի Սոն դժվար թե խնդիրներ ստեղծի աշխարհի չեմպիոնի համար:

Հիկարու Նակամուրա – Լևոն Արոնյան մրցամարտում մասնագետները նախապատվությունը տալիս են ամերիկացի գրոսմայստերին, որը արագ շախմատի առաջատարներից է աշխարհում, սակայն Լևոնը պատմականորեն լավ է խաղում Նակամուրահի հետ: Իսկ ահա չինական և ռուսական զույգերը համարյա հավասարազոր են», - ասել է 32-ամյա շախմատիստը:

Նշենք, որ Մագնուս Կառլսենի կողմից անցկացվող շախմատի առցանց մրցաշարում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ առաջին երկու մրցամարտերը. Հիկարու Նակամուրան կխաղա Լևոն Արոնյանի, իսկ Դին Լիժենը՝ Յան Յանյիի հետ: