Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վերին Լարսում մնացած ՀՀ 35 քաղաքացիները փակել են ճանապարհը, դիմում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ռուսաստանից եկող Հայաստանի 35 քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, այս գիշերն էլ կանցկացնեն Վերին Լարսի անցակետում։ Նրանք պատրաստվում են գիշերել այն 17 մեքենաներում, որոնք մնացել են անցակետում՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակումից հետո։ Ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար, եւ ինչպես հայտնեց Ա1+-ին զանգահարած քաղաքացին, ինքն այստեղ է ապրիլի 10-ից։ Ըստ քաղաքացու՝ իրենք անելանելի վիճակում են, քանի որ գումարն արդեն վերջացել է։ Նա հայտնեց, որ գուցե քաղցած մնային, եթե իրենց չօգնեին Վլադիկավկազի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Ինչպես հայտնի է՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը որպես լուծման տարբերակ առաջարկել է ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպել առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, ինչպես նաև Կրասնոդար-Երևան նախատեսվող թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը։ Առաջարկվել է նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները ապահովել կայանատեղերով։ Ըստ հյուպատոսարանի երեկվա հաղորդագրության ՝ անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են այս տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Անցակետում գտնվողները մեզ տեղեկացրին, որ իրենք հրաժարվել են, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն Սոչի կամ Կրասնոդար հասնելու եւ ինքնաթիռի տոմս գնելու համար։ Բացի այդ, չունեն նաեւ գումար, որպեսզի մեքենաները թողնեն վճարովի ավտոկայանատեղիում․ ըստ նրանց՝ այսպիսին է եղել հյուպատոսարանի առաջարկը։ Քաղաքացիները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ բանակցի Վրաստանի իշխանությունների հետ եւ իրենց թույլ տան վերադառնալ՝ խոստանալով՝ դուրս չգալ մեքենաներից։