Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկ» ի ստեղծման ծրագիրը (տեսանյութ)

album picture 1500x1018px - 1 Մբ Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար: «Այգու ստեղծման գաղափարի հիմքում միասնականությունն է: Այն լինելու է համազգային այգի, հիշողության այգի: Այն պետք է դառնա Ծիծեռնակաբերդի հուշարձանի գաղափարի շարունակությունը՝ միևնույն ժամանակ լուծելով թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ մայրաքաղաքի համար մեծ կանաչ գոտու ապահովման հարցը,-ներկայացնելով ծրագիրը՝ասել է նախագահը:-Այգու նախագծի իրականացումը, դրա շուրջ հանրային քննարկումները, մարդկանց, կազմակերպությունների ներգրավումը նաև ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու, ինչն այս պահին շատ կարևոր է բոլորիս համար»: Անդրադարձ է եղել նաև այգու նախագծի իրականացման մոտեցումներին: Նախագահը նշել է, որ հանրային այգիների ձևավորման և լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտաց­ած աշխարհահռչակ Randle Siddeley Associates ընկերությունը տարիներ առաջ իր պատվերով համապատասխան ուսում­նասիրություն է կատարել և մասնագիտական առաջարկ ներկայացրել: Այգու գաղափարի գործնական իրականացման փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել տարբեր մասնագետների, ստեղծել մասնագիտական խումբ, որը կմշակի ճարտարապետական համալիրին համահունչ լուծումներ: «Մոտեցումն այն է, որ բոլոր լուծումներն ու նախագծերը դրվեն հանրային քննարկման: Կարևոր է, որ չվնասվի տարածքի ոչ մի ծառ և ոչ մի թուփ: Այգին պետք է ստեղծվի՝ պահպանելով եղածը և տնկելով նորերը»,-նշել է նախագահը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այգու ստեղծման գաղափարը հնչեցնելուց հետո Հանրապետության նախագահի գրասենյակը բազմաթիվ արձագանքներ է ստացել Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններից, անհատներից, մասնագետներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաձեռնությանը: Գաղափարը ողջունել և դրա իրականացմանն իրենց սատարումն են հայտնել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները: