Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները պայմանագիր են կնքել ամերիկյան ընկերության հետ

Ուկրաինան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Կարեն Չուխաջյանն ու Զորավոր Պետրոսյանը պայմանագիր են կնքել Fighter Locker ամերիկյան պրոմոութերային ընկերության հետ: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Ռայան Ռոուչը:

«Իմ համար մեծ պատիվ է ունենալ թիմում այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Կարենն ու Զորավորը: Նրանց մարզում է աշխարհի նախկին չեմպիոն Վյաչեսլավ Սավչենկոն: Ցանկացած թիմ կերազեր իր կազմում ունենալ այդ մարզիկներին, հատկապես Կարենի նման չեմպիոնին: Անհամբեր սպասում եմ նրանց ելույթներին ԱՄՆ-ում», - ասել է բռնցքամարտի մարտեր կազմակերպող գործակալը:

Կարեն Չուխաջյանը հանդես է գալիս կիսամիջին քաշային կարգում: 24-ամյա բռնցքամարտիկը այս տարվա փետրվարին նվաճել է WBA International-ի չեմպիոնի կոչումը:

Զորավոր Պետրոսյանը ելույթ է ունենում թեթև քաշային կարգում: 21-ամյա մարզիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվում է 2018 թվականից: Կիևում անցկացրած բոլոր 7 մարտերում նա հաղթանակ է տարել, այդ թվում երեքը՝ նոկաուտով: