Բացել լրահոսը Փակել լրահոսը
40A5E3BB-AB58-4850-94E1-5393DE5D4D82_w1200_r1
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ մեկնարկած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 11:00-ին:

Թովմասյանը Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք պարունակող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հետաձգելու դատական նիստը կորոնավիրուսի տարածման ռիսկերից խուսափելու համար, ինչի մասին տեղյակ չէր պատասխանող կողմը՝ ի դեմս փաստաբան Գևորգ Գյոզալյանի: Վերջինս նշեց, որ միջնորդությունը ընդհանրապես չպետք է քննվի, քանի որ հայցվոր կողմը չարաշահել է իր իրավունքները:

Բացի այդ փաստաբանը դատական նիստի հետաձգումը համարեց անհարգելի: Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները դատական նիստին չէին ներկայացել:

Դատավորը, այնուամենայնիվ, պնդեց, որ միջնորդությունը պետք է քննվի, քանի որ ավելի արդյունավետ դատական նիստ անցկացնելու համար պետք է ներկա լինի պատասխանող կողմը, բացի այդ նշեց, որ պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը:

Պատասխանողի ներկայացուցիչը ընդգծեց՝ հնարավոր է՝ կորոնավիրուսը երկար շարունակվի, այդ դեպքում դատական նիստերը պետք է կանոնավոր անցկացվեն:

 Ի պատասխան դատավորը նշեց.

«Այս պահին արտակարգ դրությունը չի վերացել, և հետագայում միգուցե կորոնավիրուսը շարունակվի մեկ տարի, ինչպես նշում են, բայց արտակարգ դրություն չլինի, այդ դեպքում այլ մոտեցում կցուցաբերվի: Դատարանը հաշվի է առնում, որ այսօր առաջին դատական նիստն է և կարևորում է գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների մասնակցությունը»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան ՍԴ գործող նախագահը պահանջել էր այս խոսքերը հաստատող անհերքելի ապացույցներ ներկայացնել՝ հակառակ դեպքում նախազգուշացրել էր զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Դրանից հետո վարչապետը որպես անհերքելի ապացույց ներկայացրել էր  հայտնի գրիչի լուսանկարը և դրա հետ կապված պատմությունը: