Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկ» ֆուտբոլի ակումբը մեղադրում է նախկին աշխատակցին

«Փյունիկ» ֆուտբոլի ակումբն իր պաշտոնական կայքում ուշագրավ հայտարարություն է տարածել: 

«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը գնում է ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։

«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»։

Եվ այսպես, ինչի մասին է վկայում այս հայտարարությունը: Նախ՝ ակումբում ներքին խմորումներ են տեղի ունեցել, քանի որ որոշ աշխատակիցներ հեռացվել են: Երկրորդ՝ հավանաբար հայտնվել են նոր նեդրողներ, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել «իրականությունից»: Երրորդ՝ ղեկավար կազմը հավանաբար որոշակի խնդիրներ ունի, դրա համար էլ հայտարարում է, որ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու:

Ըստ որոշ աղբյուրների, «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ապրիլի սկզբին գլխավոր թիմը երեք տարով հանձնել է նիդերլանդցի գործարար Օլաֆ Բուրգերսին, սակայն որոշ ժամանակ անց նա մտքափոխվել է և հրաժարվել այդ համագործակցությունից: Նշվում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն արդեն հանդիպել է նիդերլանդցի գործարարի հետ և քննարկել «Փյունիկի» հետ կապված հարցեր: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից «Ա1+»-ին ասացին, որ եղել են նման հանդիպումներ երկու կողմերի ներկայացուցիչների հետ, սակայն դեռ չլուծված իրավական հարցեր կան, ուստի կոնկրետ ոչինչ չեն կարող ասել: