Ընդդեմ Լանզարոտի կոնվենցիայի․ ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կամք» նախաձեռնության անդամները հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի դիմաց և պահանջում են պատգամավորներից դեմ քվեարկել Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը։
Հավաքի մասնակիցները նշում էին, որ այս կոնվենցիայով երեխաների շրջանում միասեռականների, ավանդական արժեքների դեմ քարոզ է իրականացվում։
«Մեր պահանջն ընդամենը մեկն է․ որպեսզի այսօր վավերացումը տեղի չունենա, հետաձգեն․ արտակարգ դրության ավարտից հետո քննարկումները սկսեն։ Այսքան բան է մեր պահանջը․ մենք ավել բան չենք պահանջում»,- ասում է հավաքի մասնակից, նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը։
Ազգային ժողովի դիմաց հավաքի մասնակիցները մոտեցան նաև դեպի ԱԺ եկող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ «Մենք Ձեր դիրքորոշումը գիտենք։ Ամեն դեպքում ովքեր որ կողմ են, իրենց հորդորե՛ք, որպեսզի այս ազգադավ, ՀՀԿ-ի կողմից բերված, բայց որ ՀՀԿ-ն չէր կարողանում վավերացներ, այդ կոնվենցիան որպեսզի չվավերացվի»,- Չախալյանն ասաց Պետրոսյանին։
Նա հավելեց, որ եթե կոնվենցիան վավերացվի, ապա պայքարը կշարունակվի՝ մինչև այս ԱԺ-ն «տուն ուղարկվի»։
Իր հերթին Պետրոսյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան»-ն օրենքով ընձեռված հնարավորություններից օգտվել է, բարձրաձայնել է, որպեսզի այս կոնվենցիան չվավարացվի։ Ըստ Պետրոսյանի՝ այս կոնվենցիայով սեպ է խրվում հայկական արժեհամակարգի մեջ։ «Ի՞նչ է նշանակում սեռական կրթության ընթացքում երեխաներին մատուցել սեռական դաստիարակություն»,- նշեց ԲՀ պատգամավորը։
«Կամք» նախաձեռնության անդամը նաև մոտեցավ ԱԺ մտնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։ Չախալյանի հարցին՝ ի՞նչն է խանգարում իշխող ուժին մերժել ՀՀԿ-ի բերած կոնվենցիան, պատգամավորը պատասխանեց, որ այս դեպքում կապ չկա։ «Որովհետև ՀՀԿ-ի ժամանակաշրջանում շատ օրենքներ են ընդունվել, որոնցով այսօր ապրում ենք»,- ասաց նա, և խոսակցությունը անավարտ մնաց նախաձեռնության այլ անդամի հետ իրար խոսելու հերթ չտալու պատճառով։
Հավաքի ընթացքում «Կամք» նախաձեռնության անդամները զրուցեցին նաև այլ պատգամավորների հետ։
Նշենք նաեւ, որ այդուամենայնիվ Ազգային ժողովը 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում